Saturday, January 16, 2010

ԲԱՔՈՒՆՙ ԵՐԵՔ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Բաքվի ջարդերի կազմակերպիչները մինչեւ այսօր արժանի պատիժ չեն ստացել «ԱԶԳ», 16-01-2010- Նիկոլայ Բաբաջանյանը Հայաստան է եկել 1989-ի հուլիսին: Պատմում է, որ մինչ Ղարաբաղյան հարցի բարձրացումն էլ Ադրբեջանի խոշոր քաղաքներում նկատվում էր անհանդուրժողականության, ատելության մթնոլորտ: «Դուստրս Ադրբեջանի պարահանդեսային պարերի չեմպիոնուհին էր: Սակայն ԽՍՀՄ առաջնություններին նրան չէին ներկայացնում միայն այն պատճառով, որ նա հայ է: Բայց մի անգամ ԽՍՀՄ կրթության նախարարությունը նրան ընդգրկեց մասնակիցների կազմում, եւ նա Ռիգայում Ադրբեջանի համար նվաճեց բրոնզե մեդալ», պատմում է նա: Բաբաջանյանը հիշում է, որ հարցաթերթիկ էին լրացնում, որի 5-րդ կետը վերաբերում էր ազգությանը, եւ եթե հայ էիր, ապա, մեղմ ասած, սկսվում էին դժվարություններ: «Հայերին թեթեւ, ոչ կարեւոր պաշտոններ էին տալիս, որ հնարավոր չլիներ ո՛չ գումար վաստակել, ո՛չ էլ կարիերայում առաջընթաց գրանցել», պատմում է նա: Բաբաջանյանի բարեկամներից շատերն են դարձել Բաքվի ջարդերի զոհ: «Քույրս ու նրա ամուսինը դարձան այդ վայրագությունների զոհ, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Չափազանց ծանր է կրկին այդ ամենը վերապրել: Անցել է 20 տարի, բայց վերքը չի լավանում: Ոչ թե փախել եմ, այլ վերադարձել եմ հայրենիք, ընտանիքիս անդամներն այստեղ երջանիկ են: Այժմ դուստրս պարահանդեսային պարերի բնագավառում միջազգային կարգի դատավոր է եւ Հայաստանում պարային խումբ ունի, որը հասել է մեծ հաջողությունների», պատմում է նա: Բաբաջանյանը Ադրբեջանում է թողել շատերին: Այժմ զարմուհին ապրում է Բաքվում, ամուսնացել է ադրբեջանցու հետ, բայց հարազատների միջեւ կապ չկա: Խանգարում են ոչ միայն սահմանի, այլեւ հոգու փշալարերը: «Նրա հարսանիքին էլ չենք մասնակցել, որովհետեւ ոչ ոք չէր ցանկանում, որ նա ամուսնանար ադրբեջանցու հետ: Մեր բարեկամական կապերը խզվեցին դեռ Բաքվում, որովհետեւ ընդունելի չէր, որ հայն ամուսնանար ադրբեջանցու հետ: Չգիտեմ, թե այժմ նա ինչպես է ապրում», ասում է նա: «Փախստականներն այստեղ բազմաթիվ խնդիրներ ունեն, իհարկե, կան նաեւ կենցաղային խնդիրներ, որոնք կան յուրաքանչյուր պետությունում: Միայն այն միտքը, որ ես Հայաստանում եմ ապրում ու իմ թոռները հաճախում են հայկական դպրոց, ինձ երջանկացնում է», պատմում է Նիկոլայը: Փախստականների խնդիրներն ու 20-ամյա վաղեմության ողբերգական պատմությունը կրկին քննարկելու ու բացթողումները մատնացույց անելու համար երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: «Ազգերի միջեւ ատելություն սերմանելն այն ճանապարհը չէ, որը պետք է լուծի խնդիրները, բայց չպետք է մոռացության տալ մոտ 600.000 հայերի հարցը, որոնցից շատերը դարձան ադրբեջանական ագրեսիայի զոհ, մնացյալն էլ` փախստական: Պետք է հիշել, գնահատել, դասեր քաղել: Այս խնդիրը մոռացության էր տրված նաեւ դիվանագիտական հարթությունում», նկատեց ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը : Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջարկում է վերջ դնել լռությանը` հետագայում կանխելու մարդկության դեմ ոճրագործության այսօրինակ վայրագությունները: «Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո նրանք սկսեցին պատերազմ շիրիմների դեմ` գազանաբար ոչնչացրին Հին Ջուղայի խաչքարերն ու Բաքվի հայկական գերեզմանոցը: Բաքվի ջարդերը մարդկության հանդեպ գործած հանցագործություն են, պարտավոր ենք խոսել, որպեսզի այլեւս չկրկնվեն: Եթե լռում ենք, նպաստում ենք ֆաշիստական, ռասիստական գաղափարախոսության ծաղկմանը»: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ հղում անելով պատմությանը, նկատում է, որ Բաքուն միշտ էլ եղել է ռուսական ու հայկական մշակութային կենտրոն եւ 20-րդ դարից դարձավ միատարր էթնիկ քաղաք: «Բաքուն երեք կոտորածների մայրաքաղաք է: Պահպանվել է 1905-ին երիտթուրք զինվորականների պարագլուխներից մեկը գաղտնի նամակը Ադրբեջանում նրանց համակիրներից մեկին. «Ձեռնարկե՛ք բոլոր միջոցները` հայերին թուլացնելու համար: Նրանք մեր թշնամիներն են», ասված է նամակում: Դրանից հետո եղան զանգվածային սպանություններ: Նմանատիպ զանգվածային սպանություններ են եղել նաեւ 1918-ին: Սումգայիթում, եւ Բաքվում կատարվածն էլ վերջնականապես հայազրկեց Բաքուն հայերից: Կար մի նշանաբան` Բաքուն պետք է լինի քաղաք միայն ադրբեջանցիների համար», պատմում է Դեմոյանը: Նա նկատում է, որ մասնագիտական գրականության մեջ մեթոդաբանություն է մշակվում ահաբեկիչ պետության մասին: Կան պետություններ, որ ոչ միայն հրահրում են ահաբեկչություն, այլեւ ստեղծում: «Երբ երկրի առաջին դեմքի ամանորյա ուղերձում էլ կարելի է գտնել պատերազմական երանգներ, ապա պետք է ենթադրել, որ ադրբեջանական ղեկավարությունը ոչ միայն այլատյաց է, այլեւ ահաբեկում է սեփական ժողովրդին»: Փախստականների կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանն էլ հիշելով «սեւ հունվարյան» օրերը պատմում է, որ մի քանի օրում շուրջ 360.000 մարդ դարձավ փախստական: «Նրանք հիմնականում Բաքվի քաղաքացիներ էին ու կազմում էին հասարակության սերուցքը` բժիշկներ, մտավորականներ, արվեստագետներ, մանկավարժներ: Առաջին օրերից Հայաստանում յուրաքանչյուրը ցանկանում էր օգնել նրանց: Կառավարությունը ուժերի սահմաններում փորձում էր օգնել` տրամադրելով բնակարաններ: Ի տարբերություն Ադրբեջանի, որ իր փախստականներին տեղավորեց վրանային քաղաքներում: Գագիկ Եգանյանը նկատում է, որ այսօր Բաքվի հայ փախստականներն ունեն ընդամենը երկու գերխնդիր` բնակարանների ապահովում եւ ունեցվածքի փոխհատուցում: Կառավարության որոշմամբ լուծում է տրվել առավել կարիքավորների խնդիրներին: 1065 ընտանիք ստացել են վկայականներ, որոնցից 720-ն արդեն ապահովված են բնակարաններով: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: