Tuesday, January 19, 2010

Ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացը կօգնի Մոսկվային իրագործել իր ռազմավարական նախագծերը. Kommersant

Tert.am. 19-1-2010- Երեկ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների գլխավոր թեման է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպման կազմակերպումը: Ինչպես գրում է Kommersant-ը, վերջերս Ռուսաստանն ակտիվացրել է իր միջնորդական ջանքերն այդ ուղղությամբ: Օրերս Մոսկվա են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարճատև երևանյան այցն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոսկովյան այցը, մասնավորապես, հանդիպումները Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ` Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, կարծես, թեժանում են: Ըստ Kommersant-ի` պաշտոնական Մոսկվայի ցանկությունները` ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, բացատրվում են այն հավակնություններով, որ Մոսկվան ցանկանում է, որ իրեն բաժին հասնեն խաղաղարարի դափնիները: պարբերականի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացը Մոսկվային կօգնի իրագործել իր ռազմավարական նախագծերը տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը, ապա, ըստ Kommersant-ի, նախքան եռակողմ գագաթաժողովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են ևս մեկ անգամ հանդիպել. ինչպես երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն, այդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին սպասվում են Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ: Այսպիսով, Ռուսաստանի ջանքերը կամրապնդվեն միջնորդների կողմից: Ըստ Kommersant-ի աղբյուրների` պաշտոնական Մոսկվան հազիվ թե կարողանա սկզբունքորեն ինչ-որ նոր բաղադրատոմսեր առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանի նախագահը պարզապես կփորձի համոզել երկու կողմերին, որ փոխընդունելի ձևակերպումների շուրջ ընդհանուր հայտարարի գալը բավական իրատեսական է, քանի որ, ըստ Մոսկվայի գնահատականների` Բաքուն և Երևանը «զգալիորեն» մոտ են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի պահպանման շուրջ համաձայնությանը և «շատ մոտ են» Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ընթացակարգի մասին հարցի լուծմանը: Եթե պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնության գան, Կրեմլը կարող է հայտարարել ղարաբաղյան հակամարտության հարցում «լուրջ առաջընթացի» մասին:

No comments: