Saturday, February 13, 2010

Բեռլինում տեղի կունենա «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Փետրվարի 12-ին Բեռլինում տեղի կունենա Ռեջեփ Մարաշլիի «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որը գրվել է թուրքերեն: Շնորհանդեսի կազմակերպիչներն էին` «Քրդական բարեգործական-մշակութային միությունը» (Komkar Berlin), Allmende մշակույթի եւ միգրացիոն քաղաքականության տունը, ինչպես նաեւ «Ընդդեմ ցեղասպանության - հանուն ժողովուրդների փոխըմբռնման» աշխատանքային խումբը: Շնորհանդեսին զեկույցով հանդես կգա գրքի հեղինակը, որի զեկույցի թեման է` «Ինչպես ստեղծվեց իմ գիրքը», իսկ Freie Universitaet Berlin-ի դասախոս Ժիրայր Քոչարյանը զեկուցում կկարդա «Ճշմարտության վերակառուցումը» թեմայով: Շնորհանդեսի ընթացքում Dendar խմբի կատարմամբ կհնչեն հայերեն եւ զազակի լեզուներով երգեր: «Հայ ազգային ժողովրդավարական շարժումը եւ 1915 թ. Ցեղասպանությունը» գրքում հեղինակը մանրամասնորեն պատմում է հայ ազգային շարժման զարգացման, 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակը հանգամանորեն ուսումնասիրել է Ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական պատմագիտությունը` զուգորդելով Հայկական հարցի հետ: Բեռլինի հայկական համայնքի եկեղեցական եւ մշակութային պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ գրքն ավարտելուց հետո, զինվորական հեղաշրջման արդյունքում Ռեջեփ Մարաշլին 1980 թ.-ից գտնվում է ազատազրկման մեջ: Չնայած թուրքական բանտի վատ պայմաններին, որտեղ ամեն կերպ խոչընդոտում են տեղեկատվություն ձեռք բերելուն, Ռեջեփ Մարաշլին կարողացել է 15 տարի հետո իր աշխատանքն ավարտել: Ներկայում արդեն գիրքը թարգմանված է թուրքերենից գերմաներեն: Ռ. Մարաշլին 17 տարի գտնվել է Դիարբեքիրի բանտում` քաղաքական ակտիվության համար: Ավելի ուշ նա հիմնել է Komal հրատարակչությունը, որտեղ հրատարակվել են քրդերի եւ ժամանակակից Թուրքիայի պատմության մասին գրքեր: Այդ գրքերի մեծ մասի հրատարակությունը թուրքական կառավարությունը արգելել էր, իսկ հրատարակչությունը փակել: Ռեջեփ Մարաշլին քրդական ընդդիմության խորհրդանիշներից մեկն է դարձել: Նա 1999 թ.-ից բնակվում է Գերմանիայում: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները: Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը: Զազակին իրանյան հյուսիսարեւմտյան լեզվախմբին է պատկանում: Տարածված է Թուրքիայում` արեւելյան Անատոլիայում: Զազակի լեզուն կրողներն իրենց համարում են քուրդ:

No comments: