Wednesday, February 24, 2010

«ԹԵՐԵՎՍ ԲԱՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է»

«Շնորհիվ դրա գուցե Թուրքիան ձերբազատվի ապրիլի 24-ի ամենամյա չարչարանքներից» «ԱԶԳ», 24-02-2010- Ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիան միշտ էլ խուճապի է մատնվել, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան նախաձեռնությունները սրել են ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները: Ընթացիկ տարին թերեւս առանձնահատուկ պետք է համարվի Թուրքիայի համար, որովհետեւ սրման հիմքում, ի տարբերություն նախորդ տարիների, հայ-թուրքական նորմալացման գործընթացն է, որը լուրջ տարաձայնություններ է առաջացրել Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում: Ակնհայտ է, որ Վաշինգտոն-Անկարա տարաձայնությունների առկայությամբ անհամեմատ մեծանում է ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ դա պատճառ է դառնում, որ խորանա Թուրքիայի խուճապը: Թեեւ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում է եւ կքննարկվի մարտի 4-ի նիստում, սակայն խուճապի պարագայում Թորքիայի խնդիրը սոսկ բանաձեւի քննարկումը չէ, այլ Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների վավերացումը: Ահա թե ինչու թուրքական «Զամանն» ու «Վաթանը» փետրվարի 21-ի, իսկ «Միլլիեթը»ՙ փետրվարի 22-ի համարներում Արձանագրությունների վավերացումը որակել են բանաձեւի ընդունումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը: «Զամանում» Ալի Ասլանը գրում է. «Հայ-թուրքական նորմալացման գործընթացի պատճառով հետզհետե սրվում են Վաշինգտոնի հետ Անկարայի տարաձայնությունները: Մի կողմում Անկարան է, որը հայտարարում է. «Արձանագրությունների վավերացումը Մեջլիսում բացառվում է, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել ղարաբաղյան հիմնահարցում», իսկ մյուսումՙ «Ադրբեջանին մոռացիր, խոստումդ պետք է կատարես եւ վավերացնես Արձանագրություններն» ասող Վաշինգտոնը: Եթե Թուրքիան շարունակի համառել, ապա կմեծանա ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւի անցկացման, ինչպես նաեւ ապրիլի 24-ին նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման ռիսկը: Եթե ԱՄՆ-ն համառի, ապա հավանական է, որ Անկարանՙ Երեւանը մի կողմ, նորմալացման գործընթացը կասեցնի նույնիսկ Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Անկարան ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ ինքն առանց Ղարաբաղում կարգավորմանն ուղղված որեւէ ազդանշան տեսնելու, թեկուզ փոքր, ոչ մի քայլ չի կատարի: Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից էլ սրտնեղած է նաեւ, ավելինՙ կառավարությունը չի ուզում քաղաքական գին վճարել Ադրբեջանին անհանգստություն պատճառելու համար: Մինչդեռ Վաշինգտոնը մտահոգիչ չի համարում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ չի հավատում, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում Արեւմուտքն ու Թուրքիան կկորցնեն Ադրբեջանին: Վաշինգտոնի մեր դեսպանատունը համընդհանուր զորակոչ է հայտարարել: Գլխավոր առաջադրանքը բանաձեւի քննարկման կանխումն է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եթե դա չհաջողվիՙ հաստատումը խանգարելը, եթե դա էլ չհաջողվիՙ գոնե կողմ ձայների թիվը կրճատելը, որ հարաբերակցությունը լինի նվազագույն, այսինքնՙ հնարավորինս քիչ ձայներով հաստատվի: Մարտի 4-ին դեռ 10 օր կա, սա քաղաքականության մեջ երկար ժամանակ է: Շատ բան կարող է փոխվել, սակայն Վաշինգտոնում բազմաթիվ դիտորդներ համոզված են, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կհաստատի բանաձեւը»: Նրան լրացնում է «Վաթանի» հեղինակ Օքթայ Գյունենսոյը , նշելով. «Հայոց ցեղասպանության նկատմամբ Անկարայի որդեգրած սխալ դիրքորոշումների պատճառով Թուրքիան ավելորդ դժվարությունների է բախվում միջազգային ասպարեզում: Վաղուց արդեն վերացել են համաշխարհային հասարակական կարծիքի հարցին առնչվող կասկածները: Փոխանակ ստեղծված իրավիճակին համակերպվելու եւ բանական մոտեցում ցուցաբերելու, մեր դիվանագիտությունն ամեն տարի, սպասելով ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ելույթին, ինքն իրեն ստամոքսի սուր կսկիծ է պատճառում: Եվ ամեն անգամ կատարվում է նույնը: ԱՄՆ Կոնգրեսին բանաձեւ էր ներկայացվում, Անկարան, օգտագործելով հնարավորությունները, Վաշինգտոնի վարչակարգի միջոցով խոչընդոտում էր բանաձեւի հաստատմանը եւ երկար տարիներ ամերիկյան հրեական լոբբիներն օգնում էին նրան: Սակայն ԱՄՆ մայրաքաղաքից ստացած վերջին տեղեկությունների համաձայն, այս տարի հրեական լոբբիները հակված են ոչ թե օգնելու Անկարային, այլ հակառակն անելու: Այս նոր վերաբերմունքի պատճառները հայտնի են: Բայց եւ այնպես, «բարին» էլ թերեւս բանաձեւի քվեարկությունն է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստում, որովհետեւ շնորհիվ դրա Թուրքիան կարող է ձերբազատվել ապրիլի 24-ի ամենամյա չարչարանքներից»: Ինչ վերաբերում է «Միլլիեթին», ապա այս թերթում «Վաշինգտոնը հայերի հարցում մեղադրում է Անկարային» հոդվածով Մեհմեդ Ալի Բիրանդը նշում է, որ Հայաստանի հետ ստորագրված պատմական Արձանագրություններն օրըստօրե արժեզրկվում են, Վաշինգտոնը դրա համար պատասխանատու է համարում Անկարային, եւ Օբամայի վարչակարգը չափազանց հոռետես է ինչպես Արձանագրությունների ճակատագրի, այնպես էլ ցեղասպանության բանաձեւի հարցերում, որը կներկայացվի Կոնգրեսին: Այնուհետեւ Բիրանդն ավելացնում է. «Ամերիկացիների կարծիքով, Թուրքիան ի զորու չեղավ ժամանակին համոզել Ադրբեջանին եւ շատ շուտ անձնատուր եղավ Բաքվի հակազդեցությանը: Նրանք մահացու հարված են համարում Թուրքիայի Ազգային ժողովում Արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան հիմնահարցով պայմանավորելու վարչապետի հայտարարությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա դա նրանց կարծիքով, «հակազդեցության ըմբռնելի դրսեւորում» է, որը չի անդրադառնում նորմալացման գործընթացի վրա: Վաշինգտոնում հիմա ուշադրություն են հրավիրում Օբամայիՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումներին եւ ասում են, որ նա ստիպված կլինի կատարել դրանք, եթե չլինեն նոր զարգացումներ: Ամերիկացի պատասխանատու գործչի վկայությամբ, իրավիճակը փոխելու ամենակարճ ժամանակը Թուրքիայի տեսանկյունից, Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների վավերացման գործընթացի տարանջատումն է Ղարաբաղի կարգավորման գործընթացից: Այլ կերպ, անցյալ տարիների նման այս տարի եւս սեւ ամպեր են կուտակվում Վաշինգտոնում»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: