Saturday, February 13, 2010

Նյու Յորքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

/PanARMENIAN.Net/ 13.02.2010 - Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվեց «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը եւ «Սենչըրի» հիմնադրամը: Քննարկումներին մասնակցում էին միջազգային իրավունքի եւ հարաբերություն-ների մասնագետներ, Նյու Յորքի գործարար եւ դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը: Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ դրանց դրույթների կատարումն ակնկալում եւ կարեւորում է ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը: Բանախոսներն իրենց խոսքում անդրադարձել են ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը խնդրո առարկայի վերաբերյալ եւ կարեւորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունն, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: