Thursday, February 25, 2010

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ «ՍԵՂՄՈՒՄ Է»

«Ազգ» 25-2-2010- Բաքվում, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հենց այսպես է արտահայտվել Եվրոմիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում` Պիտեր Սեմնեբին: Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը» , Սեմնեբին փետրվարի 23-ից եռօրյա այցով Ադրբեջանում է: «Իմ այցելության նպատակներից է նախապատրաստել Եվրոմիության որոշ նոր ղեկավարների այցերը տարածաշրջան», նշել է Սեմնեբինՙ «Թրենդի» տեղեկացմամբ: Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԵՄ-ի ներկայացուցիչը նկատել է, որ «տարածաշրջանում իրավիճակը փոփոխվում է», եւ ստատուս քվոն չի կարող անվերջ շարունակվել. «Ես հույս ունեմ, որ այն ազդակները բանակցային փուլում, որոնք արձանագրվեցին նախորդ տարի, կպահպանվեն եւ կբերեն զգալի արդյունքների: Համենայն դեպս, մենք ամեն ինչ կանենք դրա համար, մանավանդ որ ժամանակն էլ սեղմում է», հայտարարել է Սեմնեբին: Հետաքրքրական է, որ «ժամանակի մասին» ԵՄ-ի նման կառույցի ներկայացուցիչը առաջին անգամ խոսում է Բաքվում. միգուցե Բաքուն առավե՞լ կարիք ունի «հիշելու ժամանակի մասին»: Իր այցի շրջանակներում ԵՄ-ի պաշտոնյան հանդիպումներ կունենա ինչպես Ադրբեջանի ղեկավար շրջանակների, այնպես էլ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

No comments: