Thursday, February 25, 2010

Թուրք խորհրդարանականները մեկնում են ԱՄՆ

/PanARMENIAN.Net/ 24.02.2010 - Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի (TBMM) պատվիրակությունը` արտաքին կապերի գծով հանձնաժողովի նախագահ Մուրատ Մերջանի գլխավորությամբ այս շաբաթվա վերջին կայցելի ԱՄՆ: Ուղեւորության նպատակն է փորձել կանխել մարտի 4-ին Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Թուրքական պատվիրակությունը ծրագրում է մի շարք հանդիպումներ անցկացնել Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում թուրքական կողմը մտադիր է նախազգուշացնել ԱՄՆ-ին, որ բանաձեւի ընդունումը մեծ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, գրում է Sabah թերթը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments: