Saturday, February 20, 2010

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Հայաստանը կարող է երթուղի հանդիսանալ ապագա խողովակաշարերի համար

/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ու Թուրքիայի էներգետիկայի ոլորտի վրա: Այդ մասին հայտարարել է ԵՄ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մոռելը: Ըստ նրա, Հայաստանը կարող է երթուղի հանդիսանալ ապագա խողովակաշարերի համար: «Այլընտրանքային տարբերակներ կան: Սակայն, մինչ օրս դեռեւս հստակություն չկա նոր խողովակաշարի հնարավոր երթուղու հարցում: Եվ այսօր գլխավոր գաղափարն այն է, որ ապագայում պետք է օգտագործել Հայաստանի տարածքը խողովակաշարերի անցկացման համար»,-ասել էթ Մոռելը: Նա հավելել է, որ խողովակաշարի համար հարավային միջանցք կարող է ծառայել ոչ միայն Nabucco-ն, ԵՄ-ն կարող է օգտագործել նաեւ Կովկասի հնարավորությունները խողովակաշարերի ցանցի ձեւավորման համար, գրում է թուրքական «Հյուրիեթը»: Nabucco-ի երկարությունը պետք է լինի 3,3 հազար կմ` Թուրքմենստանից եւ Ադրբեջանից մինչեւ ԵՄ երկրներ, առաջին հերթին Ավստրիա եւ Գերմանիա: Նախագծային հզորությունը տարեկան 26-32 մլրդ խմ Է: Խողովակաշարի նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ նախատեսում է գազի առաքում դեպի եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ տարեկան կտեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2010 թ., իսկ գազի առաքումները` 2014-ին: Սկզբնական շրջանում , 2004թ. ներկայացված նախագծով նախատեսվում էր գազ առաքել Իրանի Պարսից ծոցում գտնվող հանքերից: 2006-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնության պատճառով, որոշվեց փոխել նախագիծն այնպես, որ հնարավոր լինի գազ առաքել Թուրքմենստանից ու Ադրբեջանից: Հարավային Օսեթիայի հակամարտությունից հետո քննարկվեց նաեւ Հայաստանի տարածքով խողովակաշարի անցկացման հնարավորությունը: 2009թ. հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաղկապեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ էներգետիկ հարցի քննարկումը նախագծին Թուրքիայի մասնակցության հետ: 2009թ. հուլիսի 13-ին գազամուղի վերաբերյալ համաձայնագիր կնքվեց: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, 20 երկրների նախարարներ, Եվրասիայում ԱՄՆ էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, էներգետիկայի գծով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը:

No comments: