Saturday, February 20, 2010

ԱՆՑՆՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ 88-Ի ՓԵՏՐՎԱՐԻՆ

«ԱԶԳ», 20-02-2010 - ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու մասին Ադրբեջանի ու Հայաստանի խորհրդարանների առաջ միջնորդության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշումը փաստացի վերահաստատեց սովետական երկրի ոչ սահմանադրական բնույթը: Այդ որոշումը նաեւ ներառում էր խնդրանք ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, որպեսզի միութենական օրենսդիր մարմինը միջնորդեր հարցի դրական լուծման համար, սակայն միութենական խորհրդարանը համարժեք չարձագանքեց: Փոխարենը, ԼՂ մարզխորհրդի որոշումն ընդունվելուց բառացիորեն օրեր անց, կոմունիստական կուսակցության քաղբյուրոն շտապ որոշում կայացրեց, որով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կամարտահայտությունը որակվեց իբրեւ ծայրահեղականություն: Քաղաքական մարմնի նման հապշտապ վճիռը, որը հետագայում կենտրոնական օրենսդիր եւ գործադիր կառույցների կողմից ոչ արցախանպաստ որոշումներ կայացնելու նախադրյալներ ստեղծեց, ըստ էության իրավական ուժ չուներ: Ընդ որում քաղբյուրոն դա արեց Ղարաբաղում առաջին զինված բախումից անմիջապես հետո, երբ փետրվարի 22-ին ադրբեջանաբնակ Աղդամ քաղաքից 15-հազարանոց հրոսակախումբը հարձակվեց ընդամենը 2000 բնակիչ ունեցող հայկական Ասկերան ավանի վրա: Այս ամենից պարզ է դառնում, որ էթնիկական լարվածության հրահրումը հենց կենտրոնից էր, որով ոգեւորված` Ադրբեջանը Սումգայիթում ու մյուս քաղաքներում անարգել ոճրագործություններ իրականացրեց հայերի նկատմամբ: Շատ կարեւոր է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլում 88-ի իրադարձությունները եւս հաշվի առնվեն, չէ՞ որ հիմնախնդրի ամբողջական էությունը ճիշտ ըմբռնելու համար դա պահանջված պայման է: Գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը պետք է որ իր երկրի պատմության բաղկացուցիչը կազմող փաստերին քաջածանոթ լինի` դրանցից հետեւություններ անելու անհրաժեշտությամբ: Այդ հետագայում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ԽՍՀՄ-ի փլուզման իրավաչափ գործընթացի արդյունքում հռչակեց իր պետական անկախությունը, մինչդեռ 1988-ին Ադրբեջանի բռնապետությունից ազատվելու միակ սահմանադրական ձեւը մարզային ընտրովի մարմնի միջոցով ինքորոշման իրավունքն իրացնելն էր: Հակամարտության գլխավոր պատճառը հայ եւ ադրբեջանցի հանրությունների անհամատեղելիությունն էր նույն պետական կազմավորման մեջ, եւ այս հրամայականը 22 տարի անց դարձյալ գերակա է: Մի ամբողջ սերունդ է աճել այդ ժամանակում, որն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների հուսալի պաշտպանն է: Ըստ էության փոքրիկ Ղարաբաղը դեմ հանդիման էր ելել մի կայսրության, որից զգուշանում էին անգամ մեծ տերությունները, եւ հարկ է այս փաստը գնահատել այն ժամանակվա տրամաբանության ծիրում, երբ Կրեմլի վերնախավն առանց աչք թարթելու կարող էր մի ամբողջ ժողովրդի ոչնչացման դատապարտել: Դա չհաջողվեց Ղարաբաղի պարագայում, որովհետեւ Արցախի ժողովուրդը միակամ էր իր կամարտահայտության մեջ, եւ անգամ խուլ պաշարումներն ու դաժան պատերազմը չկարողացան Ղարաբաղին հետ պահել իր պահանջադրությունից: Առավել եւս հիմա անհնար է նրան վերակողմնորոշել, ինչքան էլ միջնորդները փորձեն հակամարտության լուծման նորանոր սկզբունքներ հրամցնել: Փետրվարը գոյապայքարի ճշմարիտ պատգամ է այսօրվա եւ գալիք սերունդներին, եւ անցնող ժամանակն էլ մեզ չի հեռացնում 88-ի ոգեկոչումից, այլ ընդհակառակը` ավելի է մոտեցնում: ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: