Thursday, February 18, 2010

ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏ

«Լրագիր» 18-2-2010- Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը փետրվարի 18-ին հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը փաստացի վերաճել է հայ-թուրքական հակամարտության եւ առաջացել է արտաքին քաղաքական մի նոր ճակատ: “Կարելի է ասել, որ այսօր, հայ-թուրքական այդ գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները, ամբողջովին գտնվում են հակամարտային տրամաբանության ոլորտում, դա ըստ էության մի նոր հակամարտություն է: Մի նոր, երկրորդ արտաքին քաղաքական ճակատ բացվեց այդ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում: Օրեցօր իրականություն են դառնում կոնգրեսի բոլոր նախազգուշացումները”, հայտարարել է Դավիթ Շահնազարյանը: Նա հայտարարել է, որ այժմ միջազգային ճնշում կա Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանն արձանագրություններն ավելի շուտ վավերացնի, քան Թուրքիան: Դավիթ Շահնազարյանը հավաստիացրել է, որ Հայաստանի խորհրդարանն առաջիկայում այդ արձանագրությունները կվավերացնի եւ դա կանի առանց վերապահումների: “Միացյալ Նահանգները փորձում են իհարկե փրկել իրավիճակը, եւ այդ քայլերից մեկը հենց Հայաստանի վրա ճնշումն է, որպեսզի առաջինը վավերացվի Հայաստանի կողմից: Միանգամից ուզում են նշել, որ իշխանությունները, որ ասում են, որ մենք ենք նախաձեռնել, մենք ենք նախաձեռնել, շատ ավելի վատ, որ այդ կոպիտ սխալն իրենք են նախաձեռնել, բայց իրականում դա Ռուսաստանի նախաձեռնությունն է”, հայտարարել է Դավիթ Շահնազարյանը, միաժամանակ նշելով, թե ակնհայտ է, որ Ռուսաստանն արձանագրությունների ստորագրությամբ ստացավ այն, ինչ հետապնդում էր այդ նախաձեռնությամբ, եւ սահմանի բացումը Ռուսաստանին պետք չէ:

No comments: