Sunday, February 21, 2010

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր. Իրանի համար եկել է որոշումներ ընդունելու ժամանակը

News.am. 20-2-2010- Իրանական դիվանագիտությունը որքան պերճախոս, նույնքան էլ զգուշավոր է: Իրանում կարծես թե ընդունված չէ հապճեպ որոշումներ ընդունելը, այնտեղ կարծես թե նախընտրում են հանգիստ ու զգուշավոր հետեւել դեպքերի ընթացքին եւ այնքան էլ չեն սիրում անակնկալներ մատուցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղայանիի հայտարարությունը, թե Իրանը միակ երկիրն է, որ սահմաններ ունի Լեռնային Ղարաբաղի հետ: «Ըստ երեւույթին, այդ երկրում ավանդական վերաբերմունքի կողմնակից են: Ահա թե ինչու ամենայն լրջությամբ պիտի ընդունել պաշտոնական Թեհրանի յուրաքանչյուր հայտարարություն, որը առաջին հայացքից դուրս է նմանավանդականությունից: Բացառում եմ „լեզվի սայթաքման“ տարբերակը եւ շատ ավելի հավանական եմ համարում, որ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ Իրանի վերաբերմունքը որոշակի սկզբունքային փոփոխությունների ենթարկվելու շեմին է»,- նկատել է Բաղդասարյանն ու հավելել. «Իրանը, կարելի է ասել, „դանդաղաշարժ“ երկիր է, եւ նշյալ հայտարարությունն ու վերջին զարգացումները վկայում են, որ տարածաշրջանում, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, դեպքերի զարգացման տեմպը աճել է, եւ Իրանի համար այլեւս անհնար է „հեռվից նայելը“: Բանը հասել է նրան, որ ղարաբաղյան կարգավորմանը նպաստելու ոչ միայն ցանկություն, այլեւ կոնկրետ քայլեր են ձեռնարկում բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում: Այս կարգին եմ դասում նաեւ ղազախստանյան նախաձեռնությունը»: Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավորի՝ այս պայմաններում եւ հատկապես Թուրքիայի վերջին տարիների աննախադեպ աշխուժացման պարագայում՝ Իրանի լռությունը պարզապես անհասկանալի կլիներ: «Կարծում եմ, որ Իրանի համար եկել է որոշումներ ընդունելու ժամանակը: Եւ կարծես թե Իրանը պատրաստ է դրան, ասել է թե՝ „հեռվից նայելու“ տարիներն իզուր չեն անցել, եւ որոշակի „տնային նախապատրաստություններ“ արվել են»,- ամփոփել է Գեղամ Բաղդասարյանը: Նշենք, որ նախօրեին, մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղայանին հայտարարել էր. «Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրը Իրանն է, մենք հստակ դիրքորոշում ունենք խաղաղարար ուժերի տեղակայման հարցում»:

No comments: