Friday, February 19, 2010

Իսրայելա-ադրբեջանական մերձեցումը «բավական լուրջ հակախաղ է»

Aysor.am. 18.02.2010- Իրանի միջուկային ծրագրերի շուրջ տեղի ունեցող զարգացումների շրջանակներում անսպասելի իրավիճակ է ստեղծել իսրայելա-ադրբեջանական հնարավոր մերձեցման կապակցությամբ Թեհրանի լռությունը: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային անվտանգության վարչության նախկին ղկավար Դավիթ Շահնազարյանը`Aysor-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Իսրայելի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտի այցին Բաքու: «Սա բացառիկ դեպք է, երբ Թեհրանը նման տոլերանտ վերաբերմունք է ցույց տալիս, երբ որևէ երկիր ակտիվացնում է իր հարաբերություններն Իսրայելի հետ»,- ասաց նա: Բանախոսը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ միայն Իրանի հարցում կա որոշակի համաձայնություն Ռուսաստանի ու ԱՄՆ միջև: Ըստ Դ. Շահնազարյանի, դա է պատճառը, որ Մոսկվան մինչ օրս չի տրամադրել Թեհրանին խոստացած С-300 համակարգերը: Ըստ քաղաքական գործչի, իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում մերձեցման նախաձեռնությունը գալիս է Իսրայելից, քանի որ այսօր բավական վատթարացել են իսրայելա-թուրքական փոխհարաբերությունները: «Ըստ էության, սա բավական լուրջ հակախաղ է»,- ասաց Դ. Շահնազարյանը` հիշեցնելով Թուրքիայի և Իսրայելի միջև ծագած անբարյացակամ մթնոլորտի պատճառները: Թղթակցի այն հարցին, թե այդ մերձեցումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, Դ. Շահնազարյանն ասաց, որ երկիրը դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ և այլ նախագծերի մասնակցությունից:

No comments: