Friday, February 19, 2010

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը կարող է լուրջ վնաս հասցնել հայ-թուրքական գործընթացին

/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - «1915 թվականի իրադարձությունների մասին նոր օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկելու առաջարկի հարցը կրկին ակտուալ է»,- ասվում է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը քվեարկության առաջադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հայտարարության մեջ: Նրա խոսքով, հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը շատ առումներով կախված կլինի 252 բանաձեւի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի որոշումից: Գնահատական տալով տվյալ փաստին` Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Ներկայացուցիչների պալատում կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, հաղորդում է TRT-ն: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: