Tuesday, February 9, 2010

Իսրայելի ԱԳ նախարար. Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է քննարկվի հանրության մեջ եւ ԶԼՄ-ներում

News.am. 8-2-2010- Ղարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն խնդիր է, որը չպետք է քննարկվի հանրության մեջ եւ ԶԼՄ-ներում: Այս մասին ադրբեջանական Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով ներկայումս գտնվում է Բաքվում: «21-րդ դարը բազմաթիվ հակամարտությունների եւ ահաբեկչությունների դար է: Մենք, անշուշտ, հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այդպիսի խնդիրներ կան աշխարհի շատ երկրներում, սակայն դրանցից ոչ մեկը չի լուծվել: Միջազգային կազմակերպություններն այդ հարցում ոչ համարժեք, կեղծավոր դիրքորոշում ունեն: Ցավոք, միջազգային հասարակությունը նախընտրում է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը»,- Լիբերմանի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը: Լիբերմանը նաեւ հայտարարել է, որ ինքն անարդյունավետ բանակցությունների կողմնակիցը չէ. «Եթե արդյունքներ չկան, ապա ինչի՞ համար են բանակցություններ տարվում»: Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը քաղաքական եւ տնտեսական հարցերը քննարկելն է: Մասնավորապես՝ քննարկվելու է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հարցը: Լիբերմանն ընդգծել է, որ ադրբեջանա-իսրայելական կապերի զարգացման համար կան շատ ոլորտներ, Իսրայելը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը նաեւ տնտեսական ոլորտում: Երկու երկրների միջեւ, նրա խոսքով, կան շատ ընդհանուր գծեր, երկկողմանի հարաբերությունները նրանց միջեւ զարգանում են արագ տեմպերով: «Ուրախալի է, որ ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ Իսրայելը համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս եկան առանց կորուստների: Մենք նախատեսում ենք ադրբեջանցի մասնագետների հետ համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Պատրաստվում ենք զարգացնել էներգետիկայի ոլորտում ունեցած կապերը: Ադրբեջանն առաջարկում է էներգետիկական կարեւոր նախագծեր: Հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ կողմերը հստակ որեւէ պայմանավորվածության կհասնեն էներգետիկայի ոլորտում համագործակցելու հարցում»,- ընդգծել է Լիբերմանը:

No comments: