Friday, February 19, 2010

Ըստ Աշոտ Մելքոնյանի` մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցում Հայաստանի և Վրաստանի շահերը համընկնում են

«ՀԵՏՔ» 18-2-2010- Թուրք-մեսխեթցիների հարցը ոչ թե կարող է սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների մեջ, այլ այն հարցերից մեկն է, որտեղ համընկնում են հայերի և վրացիների շահերը: Այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկման ժամանակ ասաց բանախոսներից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Բանախոսի կարծիքով` մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցն այնպես է ներկայացվում հանրությանը, թե իբրև այն վերաբերում է Ջավախքի տարածքին: Մինչդեռ այստեղ Ջավախքը քիչ կապ ունի, քանի որ նրանք մեծամասնություն են կազմել Ադիգենի, Ախալցխայի, մասամբ էլ` Ասպինձայի շրջաններում մինչև 1944 թ-ը: Ջավախքի (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների) ընդամենը մի քանի գյուղերում` Սաղամոյում, Խավեթում, Հոկամում են ապրել մեսխեթցի թուրքերը: «Ներկայացվում է, թե հայությունը դեմ է նրանց վերադարձին: Եվ այս հանգամանքը վրացական իշխանությունները ճարպկորեն օգտագործում են` միջազգային հանրությանը ներկայացնելու համար, որ «մինչև 2012թ-ը մեր ստանձնած պարտավորությունը չենք կարող իրականացնել, որովհետև գոյություն ունի հայ-թուրքական դարավոր թշնամություն, որը կարող է լուրջ բախումներ առաջացնել հայերի և վրացիների միջև»»,- ասում է պատմաբանը: Աշոտ Մելքոնյանը խորապես համոզված է, որ վրացական իշխանությունները համաձայն չեն մեսխեթցի թուրքերի վերադարձին, սակայն պաշտոնական դիրքորոշումն է այլ: «Նրանք պայման են դրել, որ Սամցխե-Ջավախք ռեգիոն կվերադառնան այն մեսխեթցի թուրքերը, ովքեր համաձայնություն կտան վրացի գրվել: Այնպես որ այստեղ, առաջին պլան մղելով հայերին, կարկանդակը ուզում են կրակից հանել հայերի ձեռքով, իսկ մենք պետք է հստակ վրացիների հետ խոսենք այս հարցում` մենք ընդհանուր շահեր ունե՞նք, թե՞ ոչ»,- հարցում է բանախոսը: Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ հայերը և վրացիները շատ ընդհանրություններ ունեն, առավել ևս վտանգ կա տարածաշրջանում նրանց հետագա գոյության համար, քանի որ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես` Վրաստանում, թուլացել է, և Վրաստանը հայտվել է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը, խոսելով Ջավախքի աշխարհաքաղաքական դերի ու նշանակության մասին, Ջավախքը դիտարկեց ռուս-վրացական, թուրք-վրացական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների հոլովույթում, քանի որ Ջավախքը հայտնվել է մի կիզակետում, երբ Ջավախքով հետաքրքրվածությունը մեծացել է` հասնելով ընդհուպ մինչև Միացյալ Նահանգներ: Սա, ըստ պատմաբանի, այն բանից հետո, երբ Ջավախքում սկսվել են լայնածավալ երկաթգծի և ճանապարհային շինարարությունները, Ադրբեջանը ազատ մուտք ունեցավ Ջավախքի տարածք, և այսօր «Ազեր-ստրոյ» գրությամբ բազմաթիվ մեքնենաների կարելի է հանդիպել Ջավախքում, իսկ թուրքերը ճանապարհաշինարարության զգալի մասը վերցրել են իրենց վրա: «Մենք հայ-վրացական «կռվախանձորի» պարագայում չենք տեսնում, որ թուրքերը և ադրբեջանցիները Ջավախքում բավականաչափ ակտիվացել են, և պան-թուրքիզիմի ճանապարհն ուղղակիորեն անցնում է Ախալքալաքով, երբ երկաթգծի կառուցման պարագայում Բաքվից նստող ուղևորը կարող է իր զենք ու զրահով հասնել Անկարա և Ստամբուլ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը: Քրիստինե Աղալարյան

No comments: