Saturday, February 20, 2010

Ազատ է արձակվել Պոլսո հայոց պատրիարքի դեմ մահափորձ ծրագրելու կասկածյալներից մեկը

Tert.am. 20-2-2010- Թուրքական դատարանի որոշմամբ ազատ է արձակել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով անցնող ևս մեկ մեղադրյալի: Cihan գործակալության փոխանցմամբ` Քենան Թեմուրն այն կասկածյալների թվում է, որոնք մեղադրվում են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի դեմ մահափորձ ծրագրելու համար: Հիշեցնենք, որ «Էրգենեքոնի» դեմ իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալված անվտանգության ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իբրահիմ Շահինի համակարգչում հայտնաբերվել էր մի ցուցակ, որում նշվում են այն անձանց անունները, որոնց դեմ պետք է իրականացվեին մահափորձեր։ Ցուցակում առկա էր նաև Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի անունը: Թուրքական դատարանի կողմից ազատ արձակված Քենան Թեմուրը ժամանակին ապահովել է Իբրահիմ Շահինի անվտանգությունը: Հիշեցնենք նաև, որ մոտ երեք շաբաթ առաջ թուրքական դատարանն ազատ արձակեց «Էրգենեքոնի» գործով անցնող երեք մեղադրյալների: Նրանցից մեկի` դոցենտ Էմին Գյուրսեսի անունը ժամանակին շրջանառվում էր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում:

No comments: