Tuesday, February 23, 2010

ՔԻՄՆ ՈՒ ԳԻՆԻՆ

«Լրագիր» 22-2-2010- Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին այժմ թերեւս միայն ծույլերը չեն խոսում, ու այդ հանգամանքը կարծես թե առաջացրել է գործընթացի գնահատականների մի այնպիսի խառնաշփոթ, որ թերեւս ժամանակն է Հեռուստատեսության ու Ռադիոյի Ազգային հանձնաժողովի օրինակով մի չափորոշիչների ցանկ էլ սահմանել հայ-թուրքական հարաբերության կարգավորման մասին խոսակցությունների եւ գնահատականների համար: Թեեւ կարելի է նաեւ կիրառել հենց հեռուստատեսության համար սահմանված չափորոշիչները, ու ասենք որոշել, որ պետք է հայ-թուրքական կարգավորման գործընթացը զերծ պահել օրինակ էրոտիկայից կամ պոռնոգրաֆիայից: Դրա ժամանակը կարծես թե եկել է: Համենայն դեպս, այդօրինակ մտորումների տեղիք է տալիս ամերիկացի հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի հարցազրույցը, որ նա տվել է թուրքական Hurriyet թերթին եւ խոսել հայ-թուրքական հարաբերության կարգավորման մասին: Քիմ Քարդաշյանն իհարկե աշխարհին հայտնի է դարձել ոչ թե աշխարհաքաղաքականության մասին իր գիտելիքներով ու պատկերացումներով, այլ իր մարմնով: Ընդ որում, նրան հատկապես լայն ճանաչում բերեց տարիներ առաջ համաշխարհային ինտերնետ-ցանցում հայտնված մի պոռնո-հոլովակ, որտեղ Քիմը հյուրանոցային համարում սեքսով էր զբաղվում իր ընկերոջ հետ: Հոլովակի հեղինակը հենց Քարդաշյանն ու ընկերն էին, այսինքն որեւէ գաղտնի նկարահանում չի եղել: Եվ ահա այդ գեղեցկադեմ աղջնակը որոշել է խոսել հայ-թուրքական հարաբերության մասին: “Նույնիսկ իմ ազգանվան մեջ թուրքական արմատներ կան։ Որքան գիտեմ՝ իմ ազգանունը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եղբայր։ Բացի դրանից, փոքր տարիքից մեր ընտանիքում բանջարեղեններն ու մրգերը թուրքերեն են արտասանվել։ Այնպես որ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք”, ասում է Քիմ Քարդաշյանը: Այն, որ հայերն ու թուրքերը շատ ընդհանուր բան ունեն, դա իհարկե նորություն չէ եւ Քարդաշյանն այդ իմաստով բավական տեղեկացված է, բայց հազիվ թե այդ ընդհանրության լավագույն վկայությունը լինի նրա ազգանունը կամ նրանց ընտանիքում բանջարեղենի ու մրգերի անվանումները: Օրինակ, հայերի մեծամասնությունը շնորհակալության փոխարեն ասում է “մերսի”, բայց դա չի նշանակում, որ հայերն ու ֆրանսիացիները շատ ընդհանուր բան ունեն: Այնպես որ, Քիմ Քարդաշյանին երեւի թե հարկ էր ավելի լավ պատրաստվել, Hurriyet-ին հարցազրույց տալուց առաջ: Օրինակ, նա կարող էր խորհրդատվության համար դիմել ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, որոնք, համոզված եմ, նույնիսկ անվճար, կամ գոնե մեծ զեղջերով խորհրդատվություն կտրամադրեին սիրունատես հայուհուն, թե ինչպես հարցազրույց տալ թուրքական մամուլին: «Չնայած ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց գիտեմ, որ հարևանները պետք է ապրեն ընկերության և համաձայնության մեջ։ Մեր ժողովուրդները հարևաններ են, և ես գիտեմ, որ դժվար պատմություն ունեն, դրա համար հասկանում եմ, որ ժամանակ է պետք հին վերքերը բուժելու համար”, ասում է գեղեցկամարմին Քիմը: Իհարկե, որեւէ մեկը հազիվ թե վիճի այն կապակցությամբ, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի քարոզչությունն ավելի հաճելի է լսել Քիմ Քարդաշյանից, քան օրինակ այն քաղաքագետներից, որոնք մոտ երկու տարի է այդ բանն են անում Հայաստանի իշխանության համար, բայց կարծես թե ապարդյուն: Ավելին, եթե Հայաստանի իշխանությունը մի փոքր ավելի ճկուն միտք ունենար, քան թուրքերը, ապա թերեւս չէր թույլ տա, որ նրանք մեզանից առաջ ընկնեին եւ առաջինն օգտագործեին այն գանձը, որ կոչվում է Քիմ Քարդաշյան: Եթե Հայաստանի իշխանական քարոզչությունը ոչ թե վերոհիշյալ քաղաքագիտական հանրույթի հայտնի ներկայացուցիչներին, այլ միանգամից Քիմ Քարդաշյանին կապեր Հայաստանի հասարակության “ջանին”, ապա անկասկած է, որ հայաստանցիները անասելի հաճույք կստանային հայ-թուրքական գործընթացից, ու կցանկանային, որ Քիմն էլի, էլի, էլի ու էլի… հարցազրույցներ տա եւ քարոզի հայ-թուրքական մերձեցումը: Մինչդեռ այժմ, այդ հաճույքը ստանում է թուրքական հասարակությունը: Ահա հենց դրա համար պետք է չափորոշիչներ սահմանել ու զրկել թուրքերին այդ հաճույքից: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: