Tuesday, February 23, 2010

«ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՆՔ ՄԱՏԸ ՄԱՏԻՆ ՉԵՆՔ ՏԱ` ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ»

Ասել են ԱՄՆ հրեական կազմակերպությունները թուրքական թերթին «ԱԶԳ», 23-02-2010- Վերջին ժամանակներում նկատվող թուրք-իսրայելական լարված հարաբերությունները հիմք են տվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հրեական համայնքներին կատարելու «հակաթուրքական քայլեր»: Մասնավորապես ԱՄՆ-ի հրեական համայնքը միացել էր հայկականին` պաշտպանելով Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Կոնգրեսի կողմից ( «Ազգ» -ը գրել էր այդ մասին-Հ. Ա.): ԱՄՆ-ում որոշ ազդեցիկ հրեական համայնքներ էլ թուրքական «Վաթան» թերթին նշել են, որ այս տարի իրենք նվազագույնը չեն խոչընդոտելու հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: «Թող ոչ ոք չսպասի, թե հրեական կազմակերպությունները պայքարելու են հանուն Թուրքիայի», նշել է ԱՄՆ հրեական կազմակերպություններից մեկի ղեկավարը: Իսկ հրեական ամեազդեցիկ կազմակերպություններից մեկի` AIPAC-ի ներկայացուցիչը հայտարարել է. «Այս տարի բանաձեւի ընդունման դեմ մեր կազմակերպությունը մատը մատին չի տալու»: Մյուս կողմից` ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի նախկին համանախագահ Ռոբերտ Ուեքսլերը ասել է, թե «առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ վերաբերմունք ունի Օբամայի վարչախումբը այս հարցում: Իսկ թուրք-ամերիկյան խորհրդի նախագահ, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Հոլմսը նշել է, թե այս տարի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը փորձելու են ընդունել «մեծ արագությամբ եւ նույնիսկ գաղտնի քվեարկությամբ»: Ինչպես նախօրոք տեղեկացրել էր «Ազգ»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը կքննարկվի մարտի 4-ին: Հ. Ա.

No comments: