Tuesday, February 23, 2010

ՀԱՅ ԴԱՏԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է

Հայկական սփյուռքը բարեփոխման անհրաժեշտության առջեւ Յուրաքանչյուր էթնիկ սփյուռք ձևավորվել է խիստ առանձնահատուկ պատմական և սոցիալ-քաղաքական պայմաններում: Եվ ինքնատիպ ձևով է ընկալել ու արձագանքել ժամանակի նոր մարտահրավերներին, զարգացել է կամ չի զարգացել` դրանով իսկ կանխորոշելով իր դերը բնակության երկրում ու պատմական հայրենիքի ճակատագրում: Տասնամյակներ շարունակ հայկական սփյուռքի գլխավոր օջախները Մերձավոր Արևելքում, մասամբ նաև Եվրոպայում ու Ամերիկայում գոյատևել են գետտոյին բնորոշ կոշտ կամ ոչ այնքան կոշտ շրջանակներում: Նրանք կարողացել են հաջողությամբ գոյություն պահպանել միայն համաշխարհային տեղեկատվության սահմանափակության պատճառով, երբ բացակայում էին ընդհանուրին հասանելի հեռուստակոմունիկացիաները, ինչպես նաև ելնելով նրանից, որ համաշխարհային քաղաքական բանավեճն անհասանելի էր բնակչությանը և հասարակությանը: Ինֆորմատիկայի ի հայտ գալուն զուգահեռ, առաջացան համայնքների ձևավորման բազմաբնույթ գործոններ, որոնց մի մասը տարրալուծում էր ավանդական օջախները և սփյուռքի համայնքները, մյուս մասը` նպաստում դրանց ամրապնդմանն ու սփյուռքի ինտեգրմանը: Այդ քաղաքական-տեխնոլոգիական նախապայմաններին ուղեկցում էր համաշխարհային հասարակական գիտակցության մեջ լիբերալ-դեմոկրատիայի հզոր ներդրումը, ավելի ճիշտ, լիբերալիզմի բռնապետության ձևավորումը, որը, ինչպես ինֆորմատիկան, երկակի ազդեցություն ունեցավ սփյուռքի համայնքներում զարգացող գործընթացների վրա: Այնքան էլ կոռեկտ չէր լինի սփյուռքում տեղի ունեցող գործընթացները բացատրել բացառապես կամ առավելապես այդ գործոններով, սակայն մոնդիալիզմի ազդեցությունը հայկական սփյուռքի վրա անվիճելի է: Իր մեծամասնությամբ հայկական սփյուռքը չդարձավ մոնդիալիզմի և լիբերալ-դեմոկրատիայի գործակալը, ինչը, հավանաբար, բացատրվում է այդ գաղափարախոսության բազմաթիվ կեղծ և հորինված սկզբունքներով, բայց և այն գիտակցությամբ, որ այդ գաղափարախոսությունը թշնամական է և կործանարար պատմական հայրենիքի համար: Սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպությունները բավականին հմտորեն և արդյունավետ օգտագործում էին լիբերալ-դեմոկրատիայի ձևաչափը որպես համաշխարհային քաղաքականության մեջ ՙմասնակցության՚ և ներգործության մեթոդ: Հայկական սփյուռքի կազմակերպությունների տրանսֆորմացիան` ազդեցության գործակալների ներդրման միջոցով և այդ ճանապարհով պատմական հայրենիքի վրա ազդելու առումով, հաջողություն չունեցավ: Բազմաթիվ հեռատես և խոր վերլուծաբաններ ու քաղաքական ծրագրավորողներ հանգեցին այն գիտակցության, որ հայ հասարակությունը, եթե այդպես կարելի է կոչել հայկական համայնքները, անհուսալիորեն հակածրագրավորված է համաշխարհային ուժերի հետ համագործակցությունից խուսափելու առումով: Հայկական սփյուռքի կազմակերպություններն արտաքին վնասակար ազդեցության երկու ակնհայտ մոդել կամ օրինակ ունեին իրենց աչքի առաջ` ի դեմս հրեաների և վրացիների, որոնք հայտնվել են քաղաքական գոյության խիստ աննպաստ պայմաններում: Հրեական ակտիվիստներն Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Վրաստանը որպես պետություն, ընտրեցին ամերիկյան շահերի իրագործողի դերակատարությունն ու գործառույթները և այդպիսով հայտնվեցին հակադրության մեջ Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ողջ ավանդական կողմնորոշում ունեցող հատվածի հետ: Հայկական սփյուռքի համայնքները չցանկացան ստանձնել այդպիսի դերակատարություն, ինչպես նաև անցանկալի են համարում, որ այդ գործառույթը ստանձնի Հայաստանը, և ոչ ավելի, ոչ պակաս փորձում են միայն օգտագործել բացարձակապես անընդունելի, դեմագոգիկ լիբերալ-դեմոկրատական համակարգային արժեքները: Հայկական հարցը, որպես գնահատականների և առաջնահերթությունների ամբողջություն, չի կարող դառնալ ծանրակշիռ և լիբերալ-դեմոկրատական արժեքային համակարգի մեջ ամբողջությամբ ինտեգրված գործոն և համաշխարհային քաղաքականության մեջ կարող է հանդես գալ որպես իրական քաղաքականության և աշխարհաքաղաքականության բաղադրիչ: Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Հայկական հարցը երբևէ կարող է ընկալվել իբրև ժամանակակից արժեքային համակարգի բաղադրիչ, հակառակ դեպքում 1915-ի ցեղասպանության և այն ճանաչելուց հրաժարվելու համար անհրաժեշտ կլիներ դատապարտել ողջ ժողովրդավարական աշխարհը: Սակայն հայկական սփյուռքի խնդիրները չեն սահմանափակվում Հայկական հարցով, թեկուզ և այդ գաղափարը շարունակում է մնալ սփյուռքի քաղաքական գոյության և գործունեության 'առանցքը': Սփյուռքում առաջացել է շատ լուրջ և դժվար լուծելի հակասություն հայ հասարակության էության և նպատակների միջև: Հայկական սփյուռքը չափազանց բուրժուականացված է, ընդ որում, որպես հիմնական սոցիալական բազա հանդես է գալիս մանր բուրժուազիան, որի աշխարհընկալումները բառացիորեն խեղդված են ճահճում, և մանր առևտրականների այդ խեղդվող խավը դարձել է հասարակական կողմնորոշիչ և օրինակ: Սփյուռքի գոյության ամբողջ համակարգը հենված է գոյատևման այդ միջոցի վրա, բայց նույնիսկ դա չէ նրա գլխավոր դժբախտությունը: Սփյուռքի քաղաքական շրջանակներ են թափանցել մեծ փողեր, այսինքն` մարդիկ, ովքեր ունեն խոշոր դրամական միջոցներ: Դա գրավիչ է ավանդական հայկական կուսակցությունների և կազմակերպությունների համար, որոնք վաղուց խոր մտավոր ճգնաժամի մեջ են ու ոչ պակաս ճգնաժամ են ապրում շրջապատող աշխարհի հետ հասկանալի շփումներ հաստատելու առումով: Վերոհիշյալ հարուստ մարդիկ իրենց առջև չեն դնում կոնկրետ իմաստավորված հասարակական, առավել ևս քաղաքական նպատակներ: Նրանց գործունեությունը երկու բաղադրիչների համադրություն է` իրենց անձնական շահերի և որոշակի կառավարական կառույցների շահագրգռության: Անձնական շահագրգռությունը դրսևորվում է ամենից առաջ իրենց բիզնեսի անվտանգությունը, իսկ առանձին դեպքերում նաև անձնական անվտանգությունն ապահովելու առումով: Իսկ դա քիչ նշանակություն չունի, եթե հաշվի առնենք, որ կուտակված կարողությունների մեծ մասը ձեռք է բերվել անօրինական կամ հանցավոր ճանապարհով: ՈՒստի նրանք իրենց կարողությունները, սեփականությունը 'լեգիտիմացնելու', ինչպես նաև անվտանգ գոյության պատսպարան ունենալու կարիք ունեն: Այդ մարդիկ մեծ հաճույքով կատարում են իրենց կառավարությունների պատվերները և հասարակական ու քաղաքական գործունեությունը վերածում իրենց տերերի համար կատարվող ծառայության: Դա բառացիորեն տեղի է ունենում հայկական շատ համայնքներում, որոնք գտնվում են ակտիվ ու բազմաբնույթ արտաքին քաղաքականություն իրագործող երկրներում: Այս չափազանց զզվելի պրակտիկան վաղուց արդեն գոյություն ունի Վաշինգտոնում, Լոնդոնում, Մոսկվայում: Այդ ծառայամիտ գործունեություննառկա է նաև ոչ մեծ պետությունների հայկական համայնքներում, բայց ոչ այդքան զզվելի դրսևորումներով: Ըստ էության, գործունեությունը հանուն Հայ դատի կորցրել է իր բովանդակությունը, դադարել կոնկրետ նպատակներ հետապնդելուց, վերածվելով որոշակի ցուցանակային, տիկնիկային գործունեության, որը երբեմն սկանդալային է, բայց միշտ ծաղրանկարային: Մեկուսացվում և տապալվում է ցանկացած անկախ նախաձեռնություն, վարկաբեկման են ենթարկվում այն շրջանակները, որոնք ոչ միայն ընդունակ են իրագործելու կոնկրետ ծրագրեր և լուծելու իրական խնդիրներ, այլև կարող են մշակել նոր գաղափարներ` համադրելով դրանք ժամանակի արդիական խնդիրներին: Հարկ է նկատել, որ վերոնշյալ ծառայամիտ գործունեությունն իր դրսևորումն ունի ոչ միայն հայկական համայնքներում: Հայաստանի ղեկավարությունը ներգրավվում է այդ ոլորտում, քանի որ շահագրգռված է, որ սփյուռքում գերակշռություն ունենան հաստաքսակավորները, երբեմն էլ պարզապես քրեական տարրերը: Դա զգալիորեն հեշտացնում է կյանքը, երաշխավորում, որ չեն լինի անսպասելի բռնկումներ և պահանջներ, բացառում որևէ ընդդիմախոսություն Հայաստանի ղեկավարության քաղաքականության նկատմամբ: Սկսած 1990-ից Հայաստանի ղեկավարությունը մտահոգված է սփյուռքյան կազմակերպությունների հնարավոր անկախությամբ և աշխատում է նրանց գործունեությունը դադարեցնելու, նրանց շահերը բնակության երկրի տերերին ենթակայեցնելու ուղղությամբ: 2009-ի իրադարձությունների ընթացքում, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ սփյուռքյան շատ շրջանակների դիրքորոշումը վտանգավոր է իր համար, արդեն անկասկած է, որ սփյուռքում անկախ նախաձեռնությունները վերացնելու կուրսն ունենալու է իր շարունակությունը: Սփյուռքի մեծահարուստների խմբավորումներն ինտեգրվում են Հայաստանի ղեկավարության հետ, ինչը տեղի ունեցավ, օրինակ, Վրաստանում: Ավանդական կուսակցություններն ու սփյուռքի կազմակերպությունները, որոնք ծանրաբեռնված են ՙպայքարով՚ և հասարակության նպատակներն իրագործելու փորձերով, հաճույքով Հայ դատի բեմահարթակ բերեցին այդ հաստաքսակավորներին, ավելին` ներառեցին նրանց իրենց կուսակցական շարքերում: Ներկայում Հայ դատը, որպես քաղաքական և զգացմունքային նախաձեռնություն, սպառվում է, հեռանում պատմական բեմահարթակից: Ավելի պարզ` Հայ դատը վաճառված և վերավաճառված է ավանդական քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարմարավետ գոյության դիմաց: Բացի Հայ դատից, բանը հասել է այնտեղ, որ մի շարք երկրներում, ուր հայկական համայնքները միշտ կարողացել են պաշտպանել իրենց իրավունքները, այսօր ընդունակ չեն ոչ միայն պաշտպանելու Հայաստանի կամ ԼՂՀ-ի շահերը, այլև իրենց իրավունքները: Արդյունքում տեղի է ունենում պայքարի ուժգնացում հայկական համայնքների ներսում, ի հայտ են գալիս բազմաթիվ, բացարձակապես անվերահսկելի խմբավորումներ ու կազմակերպություններ, ինչը պայմանավորված է որպես էթնոս տնտեսապես ու սոցիալ-մշակութային առումով գոյատևելու խնդիրներով: Դասական օրինակ կարող են ծառայել անկախ կազմակերպությունների և վերահսկելի ու ինտեգրված խմբավորումների միջև պայքարը Կրասնոդարի երկրամասում, Ֆրանսիայում, Կալիֆոռնիայում: Բոլոր տեսակի կարգախոսները համընդհանուր միավորման, ամբողջ աշխարհում հայերի միասնության, սփյուռքի և հայրենիքի ջանքերը միավորելու մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա և ուղիղ ճանապարհ սփյուռքի գոյության սոցիալ-քաղաքական հիմքերը քայքայելու, նրա` իբրև էթնոքաղաքական հանրության բացարձակ դեգրադացիայի և ապակազմակերպման: Հայաստանի քաղաքական անկախության ձեռքբերումով ահռելի վնաս հասցվեց հայկական սփյուռքին, որը փորձում էր իր տեղը գտնել ոչ միայն բնակության երկրում, այլև պատմական հայրենիքում: Սփյուռքահայերը քիչ սխալներ չեն արել և կատարել են անգամ հանցագործություններ` իրենց համար գոյության հարմարավետ անկյուններ որոնելով, Հայաստանի քաղաքական ղեկավարության համար բարենպաստ պայմաններ ապահովելու շրջանակներում: Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ այդպիսի մարդիկ բավականին շատ են և իրենցից ներկայացնում են նույնիսկ որոշակի սոցիալական դասակարգ, որն ինչ-ինչ ազդեցություն ունի սփյուռքի վրա` ընդհանուր առմամբ, և առավել խոշոր համայնքներում` մասնավորապես: Իրականում իրենց կրթական մակարդակով, ֆունկցիոնալ գործունեություն ծավալելու ունակությամբ, հայրենիքի նպատակներն ու խնդիրները հասկանալու տեսակետից, դրանք պարզապես ողորմելի մարդիկ են, որոնց տեղը մանր առևտրականների շրջանում է: Այդ մարդիկ ընդունակ չեն երկար մնալու, այսպես կոչված, ապարատում ու հարկադրված են հետագայում գոհանալ նույն սփյուռքի գավառական կառույցներում գոյատևելով: Միաժամանակ, կան սփյուռքահայեր, ովքեր ինտեգրված չեն ավանդական կուսակցություններում, հաստաքսակավորների կասկածելի խմբավորումներում, իշխանամետ քրեական խմբերում և, դրանով հանդերձ, բազմիցս ցույց են տվել բարդ հարցեր լուծելու իրենց ունակությունը: Դա վերաբերում է և ցեղասպանության ճանաչմանը մի շարք պետություններում, և տեղերում հայկական համայնքների իրավունքների պաշտպանությանը, ընդ որում, բավականին բարդ սոցիալական պայմաններում: Մասնավորապես, հայերի ու հայերի նկատմամբ համակրանք տածող մարդկանց ոչ մեծ խմբավորումներ, առանց որևէ անձնական շահագրգռության, հաջողել են բազմիցս տապալել և չեզոքացնել Ադրբեջանի պետական կառույցների հակահայկական քարոզչություն վարելու փորձերը, ինչպես նաև պաշտպանել հայերի դիրքերը Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրներում: Համենայն դեպս, առնվազն երկու անգամ կասեցրել են քաղաքական դիվերսիաները Հայաստանի դեմ, ինչը պետական անվտանգության մարմինների խնդիրն էր: Ամենքին հայտնի է, թե ինչպես էին Ադրբեջանի պետական կառույցներն ուղղակի շանթահարված այդ վճռական գործողությունների արդյունավետությունից: Ընդ որում, այդ աշխատանքն իրականացվել է առանց էական ծախսերի: Սփյուռքն ակտիվորեն և դինամիկ արդիականացվում է: Ի հայտ են գալիս մարդկանց բացարձակապես նոր խմբեր, որոնք ինքնակազմավորման նոր ձևերի փնտրտուքի մեջ են: Մեծ թվով երիտասարդ հայեր կրթություն են ստանում ու դառնում մասնագետներ այնպիսի հեղինակավոր ոլորտներում, որոնք հնարավորություն են տալիս նրանց հասկանալու և իմաստավորելու միջազգային քաղաքական ու տնտեսական գործընթացները: Նրանք ազդեցություն են գործում արդեն բոլորովին նոր սերնդի վրա, որը նորովի է հասկանում իր խնդիրները Հայաստանի և սփյուռքի ազգային կյանքում: Ինտեգրացված խմբավորումները խիստ զգուշանում են այն բանից, որ սփյուռքում կառաջանան անվերահսկելի խմբավորումներ, և փորձում են այդպիսիներին բացահայտորեն կաշառել կամ մեկուսացնել: Հարկ է նշել, որ նոր սերնդի գործունեությունը շրջափակելու հարցում նրանց դաշնակիցներն են դարձել ավանդական քաղաքական կուսակցությունները, որոնք ծնկի են եկել այդ հաստաքսակավորների առջև, բացարձակապես չհասկանալով, թե ովքեր են նրանց իրական տերերը, և ինչպիսիք են նրանց իրական շահերը: Հայկական սփյուռքն արդեն բավականաչափ նախապատրաստված է արմատական բարեփոխման, նոր քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ձևավորման համար, որոնք կունենան բոլորովին այլ, ներկայիս կառույցներին չկրկնող բնույթ: Հայկական սփյուռքի միջազգային նշանակությունը սպառված չէ: Այն կարող է մեծանալ, և սփյուռքն ի վիճակի է արժանի տեղ գրավելու աշխարհում: Բայց կազմակերպական նոր ձևեր գտնելու հայերի փորձերը վտանգված են, և այդ վտանգն այլ բանից չէ, քան մեծ փողերից: Մի քսան տարի առաջ հանրահավաքի ժամանակ տարօրինակ մեկը հայտարարեց. ՙՄեզ խանգարում է Երևանը, այրենք այն ու այդ ժամանակ կհաղթենք՚: Բուրժուականությունը դատարկ հնչյուն չէ, այլ նախորդ ժամանակների արձագանքը, երբ աշխարհում գերակայում էր գաղափարախոսությունների պայքարը: Բուրժուականության, բուրժուական աշխարհընկալման մասին բազմիցս գրել են ԱՄՆ-ի և Եվրոպայի փայլուն սոցիոլոգները, ընդ որում ոչ միայն 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին, այլև վերջին 100 տարվա ընթացքում: Եթե չփորձենք պարզունակացնել անցյալի իրադարձությունները, ապա հավանական է 1915-ի ողբերգությունը ոչ պակաս չափով պայմանավորված էր նրանով, որ հայերն Օսմանյան կայսրությունում աստիճանաբար վերածվեցին դասական կոմպրադորական և լևանտական մոդելի հասարակության: Ղարաբաղյան շարժման ու ղարաբաղյան պատերազմի հաջողությունը հնարավոր դարձավ հակաբուրժուական ու կոլեկտիվ աշխարհընկալման գոյության պայմաններում: Ներկայիս ծայրահեղ բուրժուականությունը, մանր առևտրական հոգեբանությունը կհանգեցնեն աղետի, ակնհայտ ու ծանր պարտության երկրորդ ղարաբաղյան պատերազմում: Դա ավելի լուրջ խնդիր է, քան սոցիալ-քաղաքական իրավիճակը սփյուռքում, և կարող է դառնալ բազային նախապայման ավանդական առաջնահերթությունների բացարձակ ոչնչացման համար: Եթե պարզ խոսենք` նախկինում հայերից զգուշանում էին, ներկայում հայերը դարձել են չափազանց քաղաքակիրթ, և հիմա նրանցից ոչ ոք չի զգուշանում: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Իրավունք դե ֆակտո

No comments: