Tuesday, February 23, 2010

ՄԵԾ ԿԵՂԾԻՔԸ ԵՎ ՓՈՔՐԻԿ «ՎՐԻՊԱԿՆԵՐԸ»

«ԱԶԳ», 23-02-2010- Ամեն փետրվարի այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենան բարձրացնում է «Խոջալուի ցեղասպանության հարցը»: Եվ որքան շատ է խոսվում, այնքան ակնհայտ է դառնում, որ նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլՙ ընդհակառակը: Բաքվից օրերս մի երկչոտ ակնարկ հնչեց, որ «չի կարելի ուրիշներից պահանջել, որ «ճանաչեն Խոջալուի ցեղասպանությունը», եթե Միլլի մեջլիսը դեռեւս նման օրենք չի ընդունել», ինչին Փանահ Հուսեյնովը հակադարձեց, որ «Ադրբեջանի խորհրդարանը «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչել է 1992 թ. մարտին»: Իսկ կառավարող կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին էլ պնդեց, որ միայն «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ էր, որ 1994 թ. խորհրդարանը տվեց Խոջալուի դեպքերի իրավական գնահատականը»: Ի՞նչ կարիք կար, որ ընդդիմությունը եւ իշխանությունը կրկին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնեին, եթե խոսքը «համազգային ողբերգության» մասին է: Զարմանալի է, որ Խոջալուի դեպքերին այս կամ այն կերպ առնչություն ունեցած մարդկանցից շատերը հետագայում արտառոց իրավիճակներում զոհվել են: Մասնավորապես` Ադրբեջանի ազգային հերոսի կոչման արժանացած լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը եւ Աղդամում ԱԺՃ զինված խմբավորումների հրամանատար Ալլահվերդի Բազիրովը: Վերջինիս զոհվելու հանգամանքն, օրինակ, «Ադրբեջանի ազգային հերոսները» պաշտոնական կայքում բացատրված է այսպես. «Դիրքերն ստուգելուց հետո վերադառնալիս մեքենան, որում գտնվում էր Ալլահվերդին, զարնվել է ականի: Նա եւ վարորդը մահացել են»: Նույնիսկ այս` հավանաբար զինվորական գրաքննության ստուգած ձեւակերպումից էլ պարզ է, որ նրա հանդեպ իրականացվել է հաջողված մահափորձ: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը մի մարդու մասին է, որը Խոջալուի դեպքերի հաջորդ իսկ օրը հայտարարել է, որ Աղդամում բավարար ուժեր եղել են, որպեսզի օգնության հասնեն, բայց «հանրապետության ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական ժողովրդին սարսափեցնի եւ դիմի ԱՊՀ զինված ուժերի օգնությանը», իսկ հեռուստալրագրող Չիգիզ Մուստաֆաեւը , երկրորդ անգամ լինելով «աղետի վայրում», նկատել է, որ շատ դիակներ խոշտանգված են, եւ այդ մասին ասել է ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին: Ի դեպ, Չինգիզ Մուստաֆաեւը եւ Ալլահվերդի Բաղիրովը զոհվել են նույն ուղղությունում` ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի մերձակայքում, առաջինը` 1992 թ. հունիսի 12-ին, երկրորդը` 15-ին: Էլ ավելի հակասական է «Խոջալուի զինվորական պարետ», դարձյալ ազգային հերոսի կոչման արժանացած` Ալիֆ Հաջիեւի մահվան հանգամանքի պաշտոնական բացատրությունը: Նրա կենսագրականում մեջբերված է «ականատես» մի կնոջ «վկայություն»: Ըստ այդմ` Հաջիեւը «զոհվել է հայ զիվորականների հետ փոխհրաձգության ժամանակ»: Եվ կրկին զոհվելու վայր նշվում է Նախիջեւանիկ գյուղի մերձակայքը: Տարբերությունն այն է, որ «ականատեսի» ասելով` դա տեղի է ունեցել Խոջալուից «խաղաղ բնակչության նահանջի ժամանակ»: Ո՞րն է այստեղ արտառոցը: Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ «հայ գրոհայիններն անխնա սպանել են բոլորին, հետո խոշտանգել սպանվածների դիակները»: Այս դեպքում ինչպե՞ս է փրկվել «ականատեսը» եւ ինչո՞ւ Ալիֆ Հաջիեւի դիակը չի խոշտանգվել: Չէ՞ որ եթե Խոջալուում կար մեկը, ում հանդեպ վրեժխնդրությամբ պիտի լցված լիներ յուրաքանչյուր ազատամարտիկ, ապա դա հենց Ալիֆ Հաջիեւն էր, որը, լինելով «Խոջալուի օդանավակայանի պարետ», ծաղրել, նվաստացրել է հայ ուղեւորներին: Ադրբեջանական կողմը կարծես թե մոռացել է, որ ԼՂՀ ոստիկանությունում դեռ պահպանվում է նրա ծառայողական գործը: Եթե մոռացած չլինեին, ապա համացանցում չէին տեղադրի Հաջիեւի «սրբացված կենսագրականը», որի համաձայն, վերջինս, իբր, 1984 թ. «բացահայտել է «Կռունկ» գաղտնի կազմակերպությունը, որի համար նրա դեմ կեղծ քրեական գործ է հարուցվել»: Իրականում Ալիֆ Հաջիեւը, ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը Մինսկում, աշխատանքի է անցել Բելառուսական ԽՍՀ ՆԳՆ համակարգում: Եղել է «միլիցիոներ- վարորդ», «տեղամասային տեսուչ»: 1983 թ. Հաջիեւը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Մի որոշ ժամանակ անչափահասների գծով տեսուչ է եղել ՆԳ Մարտակերտի, ապա տեղամասային տեսուչ նշանակվել Ասկերանի շրջբաժնում: 1984 թ. սեպտեմբերի 16-ին Հաջիեւը Ադր. ԽՍՀ ՆԳ նախարարի հրամանով հեռացվել է համակարգից` «հրամանատարական կազմին արատավորող արարք թույլ տալու համար»: Այդ մասին պաշտոնական գրառումը պահպանվում է նրա ծառայողական քարտում: Իսկ թե ինչպե՞ս է նա 1989 թ. ազատվել բանտից, «արդարացվել» եւ վերականգնվել ՆԳ մարմիններում, այդ հարցի պատասխանը կարող են տալ ժամանակի ադրբեջանական ղեկավարները, որոնք «միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ» ստեղծելու անվան տակ բանտերից ազատ էին արձակում քրեական տարրերի, զինում նրանց եւ «գործուղում» Լեռնային Ղարաբաղ` հայ բնակչությանն ահաբեկելու, նրան իր բնօրրանից բռնագաղթի ենթարկելու հանձնարարությամբ: Նրանցից մեկն էլ Ալիֆ Հաջիեւն էր, որին վստահվել է «Խոջալուի օդանավակայանի պարետի պաշտոնը»: Շատ հետաքրքրական է, որ նույնիսկ պաշտոնական կենսագրականի հեղինակները չեն զլացել եւ գրել են, որ «Խոջալուից նահանջելուց առաջ Ալիֆ Հաջիեւը հասցրել է հրդեհել օդանավակայանի դիսպետչերական կետը, որպեսզի ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերը չանցնեն հակառակորդի ձեռքը»: Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում է, որ «Խոջալուն խաղաղ բնակավայր էր»: Հետաքրքրական է, այդ «խաղաղ բնակավայրի օդանավակայանի» դիսպետչերականում ի՞նչ ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր էին պահվում, որ Հաջիեւը գերադասել է դրանք ոչնչացնել: Գուցե դրանք զենք, զինամթերք ստանալու մասին հաշվեգրե՞ր էին: Կամ` շրջակա հայ բնակավայրերն անխնա հրետակոծության ենթարկելու մասին հրամաննե՞ր: Ամենայն հավանականությամբ, այդ փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պահոցներում: Բաքվում մտադիր չե՞ն հրապարակել դրանք: Եվ վերջում. Խոջալուին առնչություն ունեցած մարդկանցից երեքը հետմահու արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, իսկ «քաղաքի գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովն այսօր խորհրդարանի պատգամավոր է: Այդ կոչումներն ու պատիվները գուցե զոհվածների հարազատների եւ նրանց լռության գինն են, ովքեր կարող են ճշմարտությունն ասել: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: