Wednesday, December 2, 2009

Ադրբեջանի իշխանությունը Բլերից փոխհատուցում կպահանջի

Aysor.am. 1-12-20009- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը այսօր ժամանում է Բաքու` մասնակցելու Ղարադաղի շրջանում AzMeCo (Ադրբեջանի մեթան արտադրող ընկերություն) գործարանի հիմնադրման արարողությանը: Սպասվում է, որ Բլերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Թոնի Բլերի առաջին այցն է Ադրբեջան, նշում է «Ազադլըգը»: Փորձագետների գնահատմամբ` աշխարհի մեծագույն պետական գործիչներից մեկի` Թոնի Բլերի` Բաքվում մետաղի գործարանի հիմնադրման արարողությանը մասնակցելը պատահական չէ, և կապված է Ադրբեջանում բիզնես հիմնելու` նրա մտադրությունների հետ: Ադրբեջանի կառավարությունն արտասահմանյան դիվանագետների և պետական գործիչների հետ այդ հարթության վրա հարաբերություններ ստեղծելու մեծ փորձ ունի: Օրինակ, բոլորին հայտնի է, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Սթենլի Էսկուդերոն և Ռուսաստանի նախկին դեսպան Վասիլի Իստրատովը մեծ բիզնեսներ ունեն Ադրբեջանում: Զարմանալի չէ նաև Բլերին Ադրբեջանում բիզնես հիմնելու հնարավորությունը, սակայն միակ տարբերությունն այն է, որ նախորդների համեմատ, Բլերը աշխարհի մասշտաբով ճանաչված քաղաքական գործիչ է, և եթե Ադրբեջանում նրա բիզնես` ունենալու մասին լուրը ճշմարիտ է, ապա կառավարությունն անպայման դա կօգտագործի իր օգտին: Փորձագետները ենթադրում են, որ պայմաններ ստեղծելով այդ բիզնեսի համար` ապագայում կառավարությունը` ի դեմս Բլերի, իր համար ազդեցիկ միջնորդ ձեռք կբերի: Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության խորհրդի նախագահ Սուլհեդդին Աքբարը հայտնել է, որ այսօր արտասահմանում Ադրբեջանի իշխանության համար լոբբինգ իրականացնող անձերի մեծամասնությունը բիզնես ունի Ադրբեջանում: «Բնական է, որ Թոնի Բլերի հնարավոր բիզնեսն Ադրբեջանում չի կարող փոխադարձ չլինել: Ադրբեջանի կառավարությունը երբևէ ինչ-որ կերպ կպահանջի դրա համարժեքը», - ըստ «Ազադլըգի», ասել է նա:

No comments: