Saturday, February 20, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԳԱԶ ԿՏԱ ԶԵՂՉԵՐՈ՞Վ

«ԱԶԳ», 20-02-2010 - Փետրվարի 18-ին Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը Անկարայում, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպումից հետո տված ասուլիսում հայտարարել է, որ «Գազպրոմը» Թուրքիային գուցե գազ մատակարարի զեղչերով: Սեչինը մասնավորապես ասել է. «Մենք մեր թուրք գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը, եւ ես կարծում եմ, որ ընկերները միշտ պետք է ընդառաջ գնան միմյանց փոխզիջումներով: Բիզնեսը մշտապես պետք է լինի փոխարդյունավետ, իսկ փոխզիջումն այն է, ինչին մենք ձգտում ենք»: Հետաքրքրական է, թե ի՞նչ փոխզիջումների մասին է խոսում ՌԴ փոխվարչապետը, մասնավորապես ի՞նչ պետք է զիջի Անկարան էժան ռուսական գազի դիմաց: Սեչինն ավելացրել է նաեւ, որ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը բուռն կերպով զարգանում է, եւ Ռուսաստանը անչափ արժեւորում է Թուրքիային որպես կարեւոր գործընկերոջ: Թուրքական որոշ լրավամիջոցների տեղեկացմամբՙ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սամսուն-Ջեյհան նավթամուղի, Թուրքիայում ատոմակայանի կառուցման եւ այլ հարցեր: ՌԴ փոխվարչապետը ընգծել է, որ իր այցը Թուրքիա նաեւ նախապատրաստական է` այս տարվա մայիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին: Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմը հանելու հարցերը: Որոշվել է, որ ավելի մանրամասն այս հարցին անդրադարձ կարվի ապրիլին, երբ «Մեդվեդեւի այցելության հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստվեն»:

No comments: