Tuesday, February 23, 2010

Բակո Սահակյան. Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով եւ մարտունակ բանակով

News.am. 23-2-2010- Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ NEWS.am-ը ներկայացնում է ուղեձի ամբողջական տեքստը։ Հարգելի հայրենակիցներ. Ի սրտե շնորհավորում եմ ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին, մեր ողջ ժողովրդին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այս օրը տոն է բոլոր արցախցիների համար, քանի որ մեր սերնդին վիճակվել է զենքը ձեռքին պաշտպանել հայրենի հողը եւ նոր էջ բացել հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ: Ավարայրին, Սարդարապատին, Մեծ Հայրենականին ավելացավ նաեւ Շուշիի փառավոր հաղթանակը, որը կերտվեց մեր եղբայրների եւ քույրերի թափած արյան գնով: Հավե՜րժ փառք ու պատիվ նրանց: Իրենց հայրերի ու պապերի անմահ գործը պատվով են շարունակում մեր երիտասարդները, ովքեր լավ են սերտել հայրենասիրության ու խիզախության դասը եւ այսօր էլ անսասան են պահում հայրենի երկրի սահմանները: Բարձր մարտական ոգու եւ պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հանդիսանում են մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը եւ կարեւոր դեր են կատարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով եւ մարտունակ բանակով: Թանկագին բարեկամներ. Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող մեր ժողովուրդը միշտ ապրի խաղաղ, ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքում:

No comments: