Saturday, February 20, 2010

ԼՂՀ նախագահն այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր

/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական եւ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսեց մարտական հերթապահություն կրող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացավ պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին եւ ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգեւատրեց հուշանվերներով: Բակո Սահակյանը ներկա գտնվեց տանկահրաձգային եւ հրաձգային վարժություններին: Նախագահն այցելել է նաեւ գումարտակներից մեկի սպայական ավան եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Մարտունի շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: 2009 թվականին շրջանում կատարված աշխատանքների եւ 2010 թվականին իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը: Նախագահն ընդգծել է, որ շրջանի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ուժեղացնել կարգապահությունը եւ վարել ճիշտ կադրային քաղաքականություն: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի պատասխանատուներին համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

No comments: