Sunday, February 21, 2010

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆՆ Է»

Report.am. 20-2-2010- «Ես չեմ մտածում, որ պատմություն եմ կերտում, բայց նաև չեմ ուզում դասվել այն մարդկանց շարքին, որոնք պատմություն են կեղծում: Ահավոր ծանր է գրել այսօրվա մասին, գրել ընդամենը 10-20 տարվա վաղեմության պատմությունը, երբ կան զոհվածներ, կան հերոսներ, հակասություններ, և դժվար է հավասարակշռությունը պահպանել, որովհետև մեկը մի մարդու մասին ասում է հերոս է, մյուսը` հակառակն է պնդում, և այդպես շարունակ: Այդ իմաստով փորձել եմ իմ խղճի առաջ պատասխանատու լինել, ամեն մի փաստ ճշտելու համար գիշերներ լուսացրել իմ արխիվում»: Փետրվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում, ապա և մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և «Ազդակի» երևանյան աշխատակից Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր կամ ո´չ խաղաղություն, ո´չ պատերազմ» գրքի ռուսերեն հատորի շնորհանդես-վաճառքը: Օրը պատահաբար չէր ընտրվել` փետրվար 20-ի նախօրեն: 1988-ի այդ օրը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կայացրեց պատմական և խիզախ որոշում: Դիմելով Խորհրդային Միության, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին` Լեռնային Ղարաբաղը արտակարգ նստաշրջանում քվեարկեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և այն Հայաստանի կազմ ներառելու օգտին: Պատմական այս և բազում այլ դեպքերի մասին է Թաթուլ Հակոբյանի գիրքը, որը քաջածանոթ է լիբանանահայ ընթերցողին: Այսուհետ այդ գիրքը կարող են կարդալ նաև օտարազգիներ, նրանք ովքեր խոսում են ռուսերեն: Իսկ այդ լեզուն դեռևս շատ-շատ տարածված է ոչ միայն նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, այլև Արևելյան Եվրոպայի երկրներում: Ռուսերենը նաև ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից է: Թաթուլ Հակոբյանի գրքի ռուսերեն հատորի Ստեփանակերտի շնորհանդեսին մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, փորձագետներ, արցախյան շարժման առաջամարտիկներ, լրագրողներ: Գրքի ռուսերեն հատորը կազմված է 532 էջից, 16 էջ լուսանկարներից: Ղարաբաղյան խնդրի և հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը թարգմանվել և դրվել են գրքի վերջում` հավելվածներ բաժնում: Այս հատորում` հայերեն առաջին հրատարակության հետ համեմատած, ավելացել են մի քանի գլուխներ: Հատորի խմբագիրը Նաիրա Հայրումյանն է, իսկ հրատարակիչը «Անտարես» հոլդինգը: Գրքի հեղինակը նախևառաջ հարկ համարեց շնորհակալական խոսքեր հնչեցնել լիբանանահայ հինգ բարերարների, ովքեր սիրահոժար պատրաստակամություն էին հայտնել հոգալու գրքի թարգմանության ծախսերը: «Անցյալ տարվա օգոստոսին լիբանանահայ գործարարների հետ եկել էինք Արցախ: Վերադարձի ճանապարհին նրանցից Մելքոն Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց օգնելու, որպեսզի իմ գիրքը թարգմանվի այլ լեզուներով: Պարոն Մելքոն Հակոբյանի նախաձեռնությանը միացան ևս չորս լիբանանահայեր` Մասիս Ալեքսանդրյանը, Կարո Բայդարյանը, Ստեփան Տեր-Պետրոսյանը և Վաչե Դեգիրմենջյանը: Ճիշտ է, տպագրության և որոշ այլ ծախսեր ես եմ հոգացել, սակայն եթե չլինեն այդ հինգ բարերարները, ապա այսօր ձեր սեղանին չէր լինի ռուսերեն այս հատորը», ներկաներին ասել է գրքի հեղինակը: Ստեփանակերտյան շնորհանդեսի ժամանակ հեղինակը, խոսելով գրքի մասին, հիշեցրեց ամերիկացի մի սենատորի խոսքերը, ով ասել է. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»: «Ես չեմ մտածում, որ պատմություն եմ կերտում, բայց նաև չեմ ուզում դասվել այն մարդկանց շարքին, որոնք պատմություն են կեղծում: Ահավոր ծանր է գրել այսօրվա մասին, գրել ընդամենը 10-20 տարվա վաղեմության պատմությունը, երբ կան զոհվածներ, կան հերոսներ, հակասություններ, և դժվար է հավասարակշռությունը պահպանել, որովհետև մեկը մի մարդու մասին ասում է հերոս է, մյուսը` հակառակն է պնդում, և այդպես շարունակ: Այդ իմաստով փորձել եմ իմ խղճի առաջ պատասխանատու լինել, ամեն մի փաստ ճշտելու համար գիշերներ լուսացրել իմ արխիվում», ներկաներին ասել է գրքի հեղինակը: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտում «Ազգ» օրաթերթի թղթակից Կիմ Գաբրիելյանը և մյուս ելույթ ունեցողները կարևորել են Թաթուլ Հակոբյանի գրքի ռուսերեն թարգմանությունը և շեշտել, որ այն պետք է հասու դարձնել Թբիլիսիի, Բաքվի, Մոսկվայի և այլ կարևոր քաղաքների պետական, քաղաքական, փորձագիտական շրջանակներին: Նրանք հայ գործարարներին անուղղակի կոչ են արել օգնելու գրքի հեղինակին, որպեսզի նա հնարավորություն ստանա շնորհանդեսներ կազմակերպել Թբիլիսիում, Մոսկվայում, Կիևում: Թաթուլ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և ասել, որ մարտի առաջին օրերին իր միջոցներով պիտի ուղևորվի Թբիլիսի և այնտեղ ներկայացնի գրքի ռուսերեն հատորը: «Անշուշտ, լավ կլինի, եթե ես հնարավորություն ստանամ գիրքը հասցնել Մոսկվա, Կիև, Մինսկ, սակայն ես չեմ կարող գտնել նման հովանավորների: Կլինեն այդպիսի մարդիկ Ռուսաստանում բնակվող 2 միլիոն հայերի մեջ, ովքեր կհամարեն, որ այս գիրքն արժանի է ներկայացնել ռուս և ռուսալեզու ընթերցողներին, ապա ես ուրախ կլինեմ», ասել է Թաթուլ Հակոբյանը: Գրքի հայերեն առաջին հրատարակությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել 2008 թ. աշնանը: Առաջիկայում գիրքը կհրատարակվի նաև անգլերեն, արևմտահայերեն, ինչպես նաև կլինի հայերեն (արևելահայերեն) երկրորդ հրատարակությունը:

No comments: