Sunday, February 21, 2010

Փոքրամասնությունների լեզուներով եթերի հարցը Հայաստանում լուծվում

Aysor.am. 20.02.2010- Հանրային հեռուստատեսությունում ռուսերենի սակավությունը փոխլրացվում է Հանրային ռադիոյի և «Արարատ» հեռուստաալիքի միջոցով: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` Aysor-ի թղթակցի խնդրանքով ներկայացնելով ռուսերենով հաղորդումների հեռարձակման ներկա վիճակը` Հանրային հեռուստառադիոեթերում: Բանախոսը հիշեցրեց, որ Հանրային հեռուստատեսության եթերի լեզվական բովանդակությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հանրային հեռուստաընկերության եթերում ռուսերենով չթարգմանված ֆիլմեր և հաղորդումներ ընդհանրապես չկան: Դա օրենքի պահանջն է, որովհետև, եթե մենք ազգային փոքրամասնությունների համար իրենց կամ ռուսերենով հաղորդումներ պատրաստենք, պարտավոր ենք դրանք թարգմանել գոնե տողատակով»,- ասաց նա: Ալ. Հարությունյանը նշեց, որ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների թվաքանակը Հայաստանում, փորձ է արվում բացը լրացնել` հիշեցնելով, որ «Արարատ» հեռուստաալիքի եթերով հեռարձակվում է Ցվետանա Պասկալևայի ռուսալեզու հաղորդումը: «Մենք փորձում ենք ավելի շատ անդրադառնալ ազգային փոքրամասնությունների խնդիրներին «Հայլուր» լրատվական ծրագրով և մի շարք շոուներով, մի շարք այլ հաղորդումներով: Մենք այդ բացը փորձում ենք լրացնել նաև Հանրային ռադիոյի միջոցով, որը 13 լեզուներով հեռարձակումներ է անում, այդ թվում` ազգային բոլոր փոքրամասնությունների լեզվով` քրդերեն, եզդիերեն, ռուսերեն, վրացերեն, ասորերեն և այլն»,- նշեց Ալեքսան Հարությունյանը:

No comments: