Saturday, February 20, 2010

ԱՄՆ ԴԵՌ ՉԻ ԱՍԵԼ ԻՐ ԽՈՍՔԸ

«Լրագիր» 19-2-2010- Փետրվարի 18-ին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հայտարարությունն այն մասին, թե Ղազախստանը որպես ԵԱՀԿ նախագահող երկիր աշխատելու է Ղարաբաղի հակամարտության կարգավորման “ճանապարհային քարտեզի” պատրաստման ուղղությամբ, տարբեր արձագանքներ է առաջացրել Հայաստանի քաղաքական վերնախավի շրջանում: Թեեւ Հայաստանի ԱԳՆ-ն հասկացնել տվեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափը չի կարող փոխվել, հնչեցին նաեւ կարծիքներ այն մասին, որ Ռուսաստանը, Իրանի եւ Ղազախստանի հետ համատեղ, փորձում է ձեւավորել միջնորդական նոր միջազգային ձեւաչափ: Այդ ֆոնին Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղիղիանի հայտարարությունը, որ “որպես Ղարաբաղի հետ սահման ունեցող պետություն Իրանը ունի իր դիտողություններն ու կարծիքը Ղարաբաղի հետ սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ”, ավելի սրեց ինտրիգը: Իրավիճակում որեւէ որոշակիություն չի նկատվում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ կերպ չեն արձագանքում նոր փաստերին: Հակամարտող կողմերի գործողություններն էլ չեն դրսեւորում որեւէ հստակ տրամաբանություն: Իրավիճակի շուրջ մեկնաբանություններ անելու, ինչպես նաեւ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը գնահատելու համար դիմել ենք Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանին: Նա նշում է, որ Ղազախստանի ակտիվությունը պատահական չէ: Փորձագետն ասում է, որ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ Ղազախստանի արտգործնախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկ է ներկայացրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Մանվել Սարգսյանը, Սաուդաբաեւը արեց եւս մի բազմանշանակ հայտարարություն: “Ես կցանկանայի խորհրդարանականներին ավելի էֆեկտիվ օգտագործել խորհրդարանական դիվանագիտությունը”, ասել էր Սաուդաբաեւը ԵԱՀԿ ԽՎ-ում: Այդ ամենը շատ է հիշեցնում նախաձեռնությունը վերցնելու փորձ, կարծում է Մանվել Սարգսյանը, հիշեցնելով, որ խորհրդարանական դիվանագիտության հարցում համանման առաջարկներ 2005 թվականին անում էին նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչները, այսպես կոչված “Ատկինսոնի բանաձեւի” ընդունումից հետո: Բայց ներկայում, բանն ամենեւին էլ Ղազախստանը չէ, այլ հատկապես վերջին հանգամանքը իրավիճակը դարձնում է լուրջ: “Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայում դասավորվել է ոչ միանժանակ իրավիճակ: Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ վերաբերվեցին Սոչիում Ռուսաստանի նախագահի արած առաջարկներին: Ինչպես հայտնի է, այդ հանդիպումից հետո հայտարարվեց այն մասին, որ մադրիդյան փաստաթղթի պրեամբուլա է համաձայնեցվել: Իսկ հակամարտող կողմերին առաջարկվեց երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել սեփական առաջարկներն այն հարցերի կապակցությամբ, որոնցում կան հակասություններ: Հասկանալի է, որ այդպիսի առաջարկությունների առկայության պարագայում “Ռուսաստանը կարող էր բանակցային սեղանին դնել փոփոխված մի փաստաթուղթ, որը ժամանակի ընթացքում կստանար “Սոչիի” փաստաթղթի” կարգավիճակ եւ պատմություն կդարձներ մադրիդյան փաստաթուղթը”, ասում է Մանվել Սարգսյանը: Ըստ ամենայնի, ինչպես կարծում է Մանվել Սարգսյանը, իրավիճակի ամբողջ նրբությունն առաջինը հասկացավ Ադրբեջանի իշխանությունը: Դա նկատելի է արդեն նրանից, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր առաջարկները ներկայացնելու փոխարեն անսպասելիորեն հայտարարեց, որ համաձայն է մադրիդյան առաջարկների լրացումների հետ: “Այդպիսով, տեքստի մեջ նոր կետերի ներառման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը փաստացի մերժվեց: Դրան հակառակ, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կներկայացնի իր առաջարկները եւ բանակցությունները կրաշունակվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանն էլ ներկայացնի Սոչիի փաստաթղթի վերաբերյալ իր առաջարկությունները: Այսինքն, Հայաստանը, ըստ էության, պաշտպանեց Ռուսաստանի նոր նախաձեռնությունը: Հակամարտ կողմերի այդ մոտեցումների հետեւանքով բանակցային գործընթացում առաջացավ երկվության վտանգ: Հավանաբար հենց այդ հանգամանքով է պայմանավորված Հայաստանի ԱԳՆ ուշացած հայտարարությունն այն մասին, որ բանակցությունը կպահպանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում”, ասում է Մանվել Սարգսյանը: Սակայն, նրա կարծիքով, արդեն այժմ հասկանալի է, որ այդպիսի իրավիճակը հաղթահարելը չի լինելու հեշտ: Այստեղ էլ պարզ է դառնում Ղազախստանի ակտիվացումը ԵԱՀԿ նախագահողի դերում: Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է մրցակից ունենալ ի դեմս ԵԱՀԿ-ում նախագահող երկրի: Ամեն ինչ կախված է այս կամ այն մոտեցման կողմնակիցների համառությունից: “Թերեւս Ռուսաստանը Ղազախստանին ներգրավել է իրավիճակի մեջ լրացուցիչ տարրեր ավելացնելու նպատակով: Պետք չէ մոռանալ, որ Սոչիում ներկայացված պրեամբուլայում առկա է եղել բանակցային գործընթացին ԼՂՀ ղեկավարությանը ներգրավելու գաղափարը: Եթե դա այդպես է, ապա նախաձեռնությունները խլելու սիրահարները կարող են հույս դնել թեկուզ եւ այն բանի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռակողմ բանակցություններին զուգահեռ կարող են եռակողմ բանակցություններ հարթել խորհրդարանականների ձեւաչափով: Դա, որպես սկզբնական փուլ, իսկ հետո ժամանակը ցույց կտա, ինչ տեղի կունենա կարգավորման գործընթացի միջազգային դիվանագիտության մեջ: Ամեն դեպքում, Ղազախստանը ԵԱՀԿ նախագահող երկրի դերում շատ հարմար խաղացող է այդպիսի դիվանագիտական օպերացիաների համար: Իհարկե, պետք չէ մոռանալ այն մասին, որ իրավիճակի կապակցությամբ իր ծանրակշիռ խոսքը չի ասել Միացյալ Նահանգները”, ասում է Մանվել Սարգսյանը:

No comments: