Tuesday, February 9, 2010

Ի ՎԵՐԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՆՉՈՒ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ «Լրագիր» 9-2-2010- Փետրվարի 9-ին մեկնարկում է Սերժ Սարգսյանի եռօրյա այցը Մեծ Բրիտանիա: Փետրվարի 15-ին երկօրյա “մասնավոր” այցով Երուսաղեմ կգնա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկու այցերն ունեն մի ուշագրավ ընդհանրություն: Խոսքն այն մասին չէ, որ երկուսն էլ կատարում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Ընդհանրությունն այն է, որ երկու այցերի պարագայում էլ առկա է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը: Ընդ որում, մի դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնակցում է որպես Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամ, մյուս դեպքում էլ որպես Տիգրան Սարգսյանին ուղեկցող: Թվում է, թե ինչ մի տարօրինակ բան կա: Բայց, խնդիրն այն է, որ հայոց հոգեւոր առաջնորդը փաստացի հասցվում է սովորական մի չինովնիկի կարգավիճակի, երբ կամ ընդամենը անդամակցում է նախագահի գլխավորած պատվիրակությանը, կամ էլ ընդամենը Երուսաղեմ է ուղեկցում վարչապետին: Մինչդեռ, չէ որ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից: Չէ որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիա կարող էր գնալ առանձին, հենց իր Կաթողիկոսական բարձր կարգավիճակով, չլինելով նախագահական պատվիրակության անդամ, այլ լինելով Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ: Հետո թող Բրիտանիայում Ամենայն հայոց Կաթողիկոսը մասնակցեր Սերժ Սարգսյանի հետ այն արարողություններին, ինչի համար որ մեկնել է, բայց թերեւս արժեր մեկնել Կաթողիկոսական կարգավիճակով, ոչ թե նախագահի գլխավորած պատվիրակության անդամի: Նույնը Երուսաղեմ այցի պարագայում: Թերեւս ավելի պատվաբեր կլիներ, եթե վարչապետն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցեր Երուսաղեմ, ոչ թե հակառակը: Կամ, ավելի պատվաբեր կլիներ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետին առաջնորդեր Երուսաղեմ: Բայց առնվազն զարմանալի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետի մասնավոր անձի ուղեկից է հայտարարվում: Հայաստանն անշուշտ աշխարհիկ պետություն է եւ աշխարհիկ իշխանությունն է գլխավորը: Բայց երբ եկեղեցին անջատ է պետությունից, դա հենց ենթադրում է, որ եկեղեցին նաեւ բարոյահոգեւոր իմաստով դուրս է դրվում աշխարհիկ իշխանության ենթակայությունից, դառնում է վերիշխանական մի կառույց, որի մոտ իշխանությունն է սովորաբար գնում, ոչ թե հակառակը: Բայց Հայաստանում այդ սովորաբարը հենց հակառակն է, եւ եկեղեցին է գալիս իշխանության մոտ, օրհնում իշխանական համագումարները, կրծքին մոտ պահում իշխանական տարբերանշանները, մասնակցում քարոզարշավներին, եւ այլն: Հայաստանում, դժբախտաբար, եկեղեցին վեր է ածվել իշխանական կցորդի, ու ասենք մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռոբերտ Քոչարյանից թույլտվություն է հարցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն գնալու եւ նրան դիմելու համար: Դրանից հետո զարմանալի չէ, որ Կաթողիկոսն ընդգրկվում է նախագահական պատվիրակության կազմում եւ ուղեկցում է վարչապետին, ու դա թե աշխարհիկ իշխանությանը չի հուզում, թե չի հուզում հոգեւոր իշխանությանը: Մյուս կողմից, այնքան կարեւոր հարցեր կան, որ թե աշխարհիկին, թե հոգեւորին Հայաստանում չեն հուզում: Մի հարց ավելի, մի հարց պակաս, միեւնույն է դրանից չի փոխվի ոչ մի բան: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: