Sunday, February 7, 2010

Թուրքիայում ծնողները թաղել են իրենց կենդանի աղջկան

Tert.am. 6-2-2010- Թուրքական ոստիկանությունն ավարտել է 16–ամյա աղջկա սպանության գործով հետաքննությունը։ Մեդինային հայրն ու պապը կենդանի թաղել էին հողում։ Այսպիսի դաժան ինքնադատաստանի պատճառը աղջկա պահվածքն էր, որը, նրա հարազատների կարծիքով, ընտանիքին պատիվ չէր բերում. աղջիկն ընկերություն էր անում տղաների հետ։ Ինչպես հաղորդում է The Telegraph–ը, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ–արևելյան Կախտա քաղաքում։ Աղջկա ծնողները դիմել են ոստիկանությանը՝ տեղեկացնելով, որ իրենց դուստրը կորել է։ 40 օր անց ոստիկանությունն անանուն զանգի հետքերով գտել է աղջկա մարմինը՝ կապված ձեռքերով, տան հավանոցում փորած երկու մետրանոց փոսի մեջ։ Հանցագործության հետքերը թաքցնելու համար փոսը բետոնապատել էին։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ այն պահին, երբ աղջկան թաղել են, նա ոչ միայն կենդանի է եղել, այլև գիտակից վիճակում։ Այդ մասին է վկայում նրա թոքերում և կերակրափողում հայտնաբերված հողը։ Դա նշանակում է, որ աղջկա մահը երկար և տանջալից է եղել։ Ամեն տարի Թուրքիայում 200 նմանատիպ հանցագործություն է կատարվում։ Դեռ մի քանի տարի առաջ Թուրքիայի կառավարությունը, եթե չասենք խրախուսում էր, ապա առնվազն լոյալ էր այսպես կոչված «պատվի համար գործած հանցանքների» նկատմամբ։ Ի դեպ, օրենքը, որով թույլատրվում էր պատժել կնոջն ամուսնական դավաճանության համար, Թուրքիայում վերացվել է ընդամենը 14 տարի առաջ։ 16–ամյա աղջկա դաժան սպանությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ «Միակ մեղավորը Թուրքիայի կառավարությունն է, որը ստիպում է քրդերին ապրել միջնադարյան պայմաններում՝ առանց ներդրումների, կրթության և իրավունքների»,– գրում է Hurriyet թերթի ընթերցողներից մեկը։

No comments: