Sunday, February 7, 2010

«Կրակող տունը»` ֆիլմ Արցախյան պատերազմի մասին

Aysor.am. 06.02.2010- Լեռնային Ղարաբաղում նկարահանվել է Արցախյան գոյամարտի պատմությանը նվիրված առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը»: Նախատեսվում է, որ այն սկիզբը կդառնա իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների շարքի: Ինչպես հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը, կինոնկարը նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դրվագներից մեկը` իր տունը պաշտպանող մի տարեց մարդու հերոսության պատմությունը: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է Գեորգի Ղազարյանը, որը ևս երկար տարիներ աշխատել է ֆոտո և հեռուստալրագրող, ռեժիսոր-վավերագրագետ և օպերատոր, հիմնել և ղեկավարել է «ԼՂՀ ճակատային լրագրողների լիգան»: 20 րոպե տևողությամբ կինոնկարը նկարահանվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության հովանու ներքո, տեխնիկական օժանդակությունը ցուցաբերել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, ֆինանսականը` գործարար Կարեն Բաղդասարովը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Մարտին Ալոյանը: Գեորգի Ղազարյանը պատրաստվում է նկարահանել Ղարաբաղյան պատերազմին նվիրված և իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների մի շարք: «Շարքի ստեղծման գաղափարը շուտ էր ծագել: 2009 թվականին արդեն նկարահանվել է Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը», որն առաջինն է այդ շարքից: Պատմելով խաղաղ բնակչության մասին` մենք մտադիր ենք ներկայացնել Ղարաբաղյան պատերազմը»,- նշել է նա: Ըստ Ղազարյանի, 2010 թվականին կավարտվեն ևս մեկ ֆիլմի ստեղծման աշխատանքները` «Պատերազմը անհետևանք չէ», որի հիմքում ընկած են Երևանի Պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի պատմած իրական դեպքերը: «Ֆիլմի սցենարը իրական դեպքերի վրա է հիմնած: Գուրգեն Մելիքյանն ականատես է եղել, թե ինչպես հայ զինվորականն օգնել է փրկվել հղի մի կնոջ, որը, փախչելով ադրբեջանցի զինվորականների բարբարոսություններից, հետ էր ընկել յուրայիններից: Զինվորը խնդրել էր այդ կնոջը երեխային անվանակոչել իր անվամբ` Նարեկ»,- պատմել է Գ.Ղազարյանը: Նշենք, որ Աշոտ Բեգլարյանի ստեղծագործությունների հետ ընթերցողները կարող են ծանոթանալ գրողի ստեղծագործական էջում. http://litsovet.ru/index.php/author.page?author_id=2273

No comments: