Thursday, February 25, 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան լուծման հետ

/PanARMENIAN.Net/ 24.02.2010 - Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ մասին եւս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԺ-ում կայացած կառավարական ժամի ընթացքում: «Մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք եւ ստորագրեցինք Արձանագրությունները, որոնցում խոսք անգամ չկա ղարաբաղյան կարգավորման մասին: Նույն կարծիքին են հակված նաեւ միջնորդ երկրները: Այդ խնդիրները փոխկապակցված չեն եւ չեն էլ կարող կապված լինել»,- ասաց Նալբանդյանը: Նրա խոսքով, եթե Թուրքիան այժմ նման նախապայմաններ է դնում, ապա դա թուրքական կառավարության գործն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: