Thursday, February 25, 2010

ՂԱՐԱԲԱՂԻ «ՄԵՋ» ԵՆ ՆԱԵՎ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ, ԲԱՔՈՒՆ, ԳԱՆՁԱԿԸ...

«Ազգ» 25-2-2010- Սումգայիթում եւ Բաքվում ադրբեջանցիների իրականացրած հայ ազգաբնակչության ջարդերին Բաքուն միշտ հակազդել է Խոջալուում իբր թե իրականացված «ադրբեջանցիների ջարդերով»: Ընդ որում, հենց ադրբեջանական աղբյուրներն այդ դեպքերի վերաբերյալ խիստ հակասում են իրար, նույնիսկ այն տեղեկությունների մեջ, որոնք ադրբեջանցիների ջարդը վերագրում են հայերին, բազմաթիվ են, մեղմ ասած, թերությունները: Սակայն ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ամբողջ աշխարհով ահազանգել` «Խոջալուում հայերն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն»: Այս, ինչպես նաեւ Բաքվում եւ Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը պաշտոնական նամակ է հղել նույն կառույցի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային եւ անվտանգության խորհրդին: Նամակում Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկացնել միջազգային հանրությանը` սուտ լուրեր տարածելով. «Ադրբեջանն իրեն պահում է «զոհի» պես, իբր թե ենթարկվել է հայկական ագրեսիայի, սակայն նրանք թաքցնում են այդ տարիների հենց ադրբեջանական վկայությունները», ասված է նամակում: Կարեն Նազարյանը որպես ապացույց բերում է Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որտեղ, խոսելով Խոջալուի մասին, Մութալիբովը նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունն ու ոստիկանությունն ընդդիմանում էին խաղաղ բնակչության տեղահանմանը` լեռնային շրջաններով: Դրանով ընդդիմությունը ցանկանում էր սեփական ժողովրդի միջեւ «պատերազմ գցելով» հասնել իշխանության: Նազարյանը նամակում անդրադարձել է նաեւ 1992-ի սեպտեմբերին հրապարակված The Helsinki Watch կազմակերպության ցեկույցին, որտեղ, հենվելով հենց ադրբեջանցի ականատեսների վկայությունների վրա, ասվում էր, որ ոստիկանությունն ինքն է կրակ բացել փրկվել ցանկացող քաղաքացիների վրա: «Մինչդեռ միջազգային հանրությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է, թե ինչպես են հայերը Ադրբեջանում ենթարկվել ջարդերի: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ արդարացի պահանջին, որ ինքն ուզում է վերականգնել սեփական ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի իշխանությունները պատասխանեցին Սումգայիթում եւ Բաքվում հայերի ջարդ կազմակերպելով: Սրանք նախկին սովետական երկրում առաջին դեպքերն էին` մասսայական սպանությունների: Ուստի, բնականաբար, Սովետական Ադրբեջանում դատական գործեր բացվեցին այդ հանցագործների նկատմամբ, սակայն երբ Ադրբեջանը հռչակվեց անկախ պետություն, բոլոր այդ մարդասպանները հռչակվեցին ազգային հերոսներ: Միեւնույն ժամանակ, միջազգային որոշ կազմակերպությունների զեկույցներն ապացուցում են, որ հայերի ջարդեր իրականացվել են նաեւ Ադրբեջանի այլ շրջաններում: Մասնավորապես Գանձակի շրջանում 1988-91-ին կազմակերպվել են էլ ավելի վայրագ սպանություններ, որոնք բերեցին այդ շրջանների լրիվ հայաթափմանը` բռնի արտաքսելով ու կոտորելով շուրջ կես միլիոն հայերի: Այս բոլոր վայրագություններից հետո Ադրբեջանը հարձակվում է Ղարաբաղի վրա: Եվ հիմա պետք է մեկընդմիշտ պարզ լինի. Ադրբեջանն ինքն է սկսել ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ: Իսկ հայերս վստահ ենք, որ այս ստեղծված իրավիճակից ելքի միակ ճանապարհն այն է, որ վերահաստատվի Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա», եզրափակել է իր նամակը ՄԱԿ-ում մեր երկրի ներկայացուցիչը:

No comments: