Թուրքիայի արտգործնախարարի հետ ՀՀ նախագահի զրույցի թուրքական արձագանքները
«ԱԶԳ», 27-02-2010- Նախորդ օրը Կիեւում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տված ընդունելությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Զրույցը, CNN-Turk-ի վկայությամբ, սկսել է ոտի վրա, այնուհետեւ հանդիպման ֆորմատով տեւել է մեկ ժամ: Դրա ավարտին Դավութօղլուն բացատրություններ է արել լրագրողներին:
Նա ասել է, որ սա Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին հանդիպումն էր, որ ունեցել է նախագահ Սարգսյանի հետ, մինչ այդ ինքը հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա միաժամանակ հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Սարգսյանը ջերմ ուղերձ է հղել նախագահ Աբդուլլահ Գյուլին, որի պատասխան ուղերձն էլ փոխանցվել է Հայաստանի նախագահին:
Այնուհետեւ Դավութօղլուն նշել է. «Այսօր մենք Սարգսյանի հետ բազմակողմանի քննարկեցինք Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացը, ամենայն անկեղծությամբ եւ բաց սրտով անդրադարձանք այն հարցերին, որոնք փոխադարձաբար մտահոգում եւ փոխադարձ դժվարություններ են հարուցում կողմերին: Անդրադարձել ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաեւ Մինսկի խմբի Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն առնչվող գործունեությանը: Մենք օգտակար ենք համարում այս կարգի շփումները: Քանի դեռ շարունակվում են շփումները, կարելի է փոխադարձաբար կանխել թյուրըմբռնումները: Փոխադարձաբար ավելի դյուրին կընկալվեն մեր առջեւ ծառացած դժվարությունները: Չափազանց կարեւոր են ճիշտ հաղորդակցվելն ու միմյանց ճիշտ հասկանալը: Ես առիթ ունեցա մեծարգո Սարգսյանին իրազեկելու Թուրքիայի մտահոգության եւ կարծիքի, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ տեսակետների մասին»:
Դավութօղլուիՙ ՀՀ նախագահի հետ զրույցին առնչվող այս խոսքերը պատահական չեն, ոչ էլ դրանց լուսաբանումը CNN-Turk-ում, «Անկարան եւ Երեւանը հավատարիմ են մնում արձանագրություններին» մեկնաբանությամբ: Ինչպես հայտնի է, մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության բանաձեւը:
Դրա նախօրյակին թուքական կողմն, ի դեմս Դավութօղլուի, պատրանք է ստեղծում, թե հակառակ ենթադրություններիՙ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը զարգանում է դրական հունով, որպեսզի շահագրգիռ կողմերին նախազգուշացնի, որ Ցեղասպանության բանաձեւն անհամատեղելի է հարաբերությունների նորմալացման հետ, եւ գործընթացը չպետք է մթագնել այդ բանաձեւով:
CNN-Turk-ն այս պարագայում աջակցում է Թուրքիայի արտգործնախարարին: Ի տարբերություն CNN-Turk-ի, թուրքական «Միլլիեթը» «Սարգսյանը ոտի վրա սպառնաց» վերնագրով տեղեկացնում է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից պահանջեց, որ Թուրքիան ամենակարճ ժամանակահատվածում վավերացնի արձանագրությունները, սպառնալով. «Այլապես Հայաստանը ստիպված կլինի հետ վերցնել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»: Ստացած տեղեկության համաձայն, հանդիպման ընթացքում Սարգսյանը Դավութօղլուին ասել է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը քաղաքական կամք է պահանջում, Երեւանը հավատում է գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու անհրաժեշտությանը: Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ իրենք դեմ են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում Անկարայի ներգրավմանը, քանզի Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից Ադրբեջանին եւ մշտապես կողմնակալ հայտարարություններ անում:
Այնուհետեւ նա ավելացրել է. «Տարածաշրջանում սահմանների վերացման մասին երազող երկիրն ինքը պետք է առաջին քայլը կատարի եւ վերացնի Հայաստանի դեմ կիրառվող շրջափակումը: Շնորհիվ դրա տարածաշրջանում կբացվեն հաղորդակցության ուղիները: Ադրբեջանի ճնշումը կարող է կանխարգելել Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը, սակայն ոչ մի բան չի խանգարում թուրք ղեկավարներինՙ բացելու սահմանները»:
Ի դեպ, «Միլլիեթը» հենվում է New.am գործակալության վրա: Թուրքական այս թերթի հրապարակումը միանգամայն համապատասխանում է Դավութօղլուի հետ նախագահ Սարգսյանի զրույցի մասին ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը, որը նախորդ գիշեր ստացել էր «Ազգի» խմբագրությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, February 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment