Tuesday, February 9, 2010

Թուրքական իշխանությունները մերժեցին նաև «Հրանտ Դինքի պողոտան»

Tert.am. 9-2-2010- Ստամբուլի քաղաքապետարանը մերժել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվամբ վերակոչել «Էրգենեքոն» պողոտան։ Hurhaber գործակալության փոխանցմամբ՝ «Էրգենեքոն» պողոտան «Հրանտ Դինք» վերանվանելու առաջարկությամբ հանդես էր եկել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքային խորհդի անդամ Օզգեն Նաման։ Թուրք ընդդիմադիրի խոսքով՝ քաղաքային խորհրդում առաջարկությունը մերժել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք մեծամասնություն են կազմում։ Հրանտ Դինքի սպանության երրորդ տարելիցի կապակցությամբ հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Շիշլի թաղամասում հանել էին «Էրգենեքոն» պողոտայի ցուցանակը՝ այն փոխարինելով «Հրանտ Դինք» ցուցանակով։ Հիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող «Շաֆաք» փողոցը կոչել Հրանտ Դինքի անունով: Հիշեցնենք նաև, որ դեռ երեկ Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկություն էր հայտնել երկրի դպրոցներից մեկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:

No comments: