
Panorama.am. 13-2-2010- Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ունեցած տվյալներով, Ադրբեջանի Դաշկեսանի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 մարդ ձերբակալվել է , մի քանիսն էլ հարցաքննության են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 28-ին, Դաշկեսանում տեղակայված զորամասերից մեկում արտառոց միջադեպ էր տեղի ունեցել: Նույն զորամասի 2 զինվոր կրակ էին բացել զորամասի սպաների ուղղությամբ, ինչի հետևանքով 4 սպա սպանվել էր, մեծ թվով սպաներ ծանր վիրավորվել էին: Սպանությունն իրականացնելուց հետո` զինվորներն ինքնասպան էին եղել:
«Ազադլիգ» պարբերականը գրել էր, որ իրենց տեղեկություններով զինվորները նման քայլի էին դիմել, քանի որ մշտապես ճնշման և հալածանքների էին ենթարկվել զորամասի սպաների կողմից:
Ջաֆարովի կարծիքով, հետաքննությունն անցկացնող մարմինը հասարակությունից թաքցնում է միջադեպի մանրամասները, ինչպես նաև զինծառայողների` նման քայլերի դիմելու դրդապատճառները: Այս փաստը փորձագետը գնահատում է որպես նախադեպը չունեցող հանցագործություն:
Ջաֆարովը հիշեցրել է, որ իշխանությունները նույն կերպ վարվել են նաև գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության գործի հետաքննության ժամանակ: Նրանք գիտակցաբար թաքցրել են դեպքի մանրամասները և հասարակությանն այդպես էլ իրական տեղեկատվություն չեն ներկայացրել:
Նշենք որ, «Թուրան» լրատվական գործակալությունն արդեն իսկ հայտնել էր, որ գեներալ Ռզաևի սպանության գործով դատավարությունն ավարտվել է: Եվ ինչքան էլ զարմանալի է, գեներալի սպանության մեջ մեղադրվող նրա թիկնապահը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` այն էլ թմրանյութերի պահպանման և օգտագործման համար:
No comments:
Post a Comment