Saturday, February 13, 2010

ԵՄ-ն ողջունում է Անկարայի քայլերը Հայ-թուրքական արձանագրությունների հարցում

/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Եվրամիությունն ողջունում է Անկարայի քայլերն, ուղղված քրդական խնդրի հարցում «Ժողովրդավարական նախաձեռնությանը», ինչպես նաեւ Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայում ԵՄ դեսպան Խոան Քլոսը: Ըստ նրա, Թուրքիան ու ԵՄ-ն փոփոխությունների շրջան են ապրում, նա հույս է հայտնել, որ Անկարան ու Բրյուսելն առաջընթացի կհասնեն ԵՄ-ում Իսպանիայի նախագահության ընթացքում: Իսպանացի դիվանագետը նշել է, որ Թուրքիան կարող է խոչընդոտների հանդիպել ԵՄ-ին անդամակցելու գործում, սակայն, նրա խոսքերով, ԵՄ-ի հետ բանակացություններ սկսած բոլոր երկրները դարձել են ԵՄ անդամ, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուս» թուրքական թերթը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը: 1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց: 1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը: 2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին: Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը:

No comments: