Saturday, February 13, 2010

Արցախը մտադիր է զարգացնել հարաբերությունները Սփյուռքի հետ

/PanARMENIAN.Net/ 13.02.2010 - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ Հայրենիք –Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: