
Tert.am. 13-2-2010- Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված ՀԲԸՄ-ի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարներին` պահանջելով՝ «իրենց կեցվածքն ու դիրքորոշումը հստակեցնել Հայ օգնության միության նկատմամբ՝ համայն հայության առջև»:
ՀՕՄ-ը տեղեկացնում է, որ ցանկություն է հայտնել մասնակցել ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը, սակայն ՀԲԸՄ-ն ու ԱՀՀ-ն դեմ են արտահայտվել ՀՕՄ-ի մասնակցությանը:
ՀՕՄ-ի հայտարարությունում նշված է. «Վերջին օրերին մամուլից զարմանքով տեղեկացանք, որ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարությունը` հանձին ամերիկանիստ իր ներկայացուցչության, դեմ է արտահայտվել ՀՕՄ-ի մասնակցությանը այդ ժողովին»:
Հետաձգվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը ամերիկահայ լոբբիստական խմբերի ներկայացուցիչների հետ: Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, փետրվարի 9-ին նախատեսվող հանդիպման հետաձգման հիմնական պատճառը ձյան առատ տեղումներն են, որոնք կաթվածահար են արել Միացյալ Նահանգների մայրաքաղաքը: Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, Քլինթոնի հետ փետրվարի 9–ին նախատեսված հայ լոբբիստների հանդիպումը հետաձգվել էր վատ եղանակի պատճառաբանության։ Սակայն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ այդ հետաձգումն ԱՄՆ պետդեպարտամենտին հնարավորություն է տալիս վերանայել հանդիպման հրավիրվածների նախնական ցանկը, որը, ըստ որոշ կարծիքների, անկողմնակալ չէ, քանի որ հրավիրվածների ցանկում նախապատվությունը տրվում է հիմնականում այն մի քանի կազմակերպություններին, որոնք կողմ են հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանը:
Ամերիկահայ պատվիրակության հրավիրված ներկայացուցիչների ցանկի հետ ծանոթանալուց հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը կոչ էր արել Հիլարի Քլինթոնին վերանայել այն:
No comments:
Post a Comment