Wednesday, February 24, 2010

Թուրքական զինվորականությունն այլևս համերաշխ չէ. թուրքագետ

Tert.am. 23-2-2010- Երբեք պետք չէ բացառել ռազմական հեղաշրջման հնարավորությունը Թուրքիայում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել են 49 բարձրաստիճան սպաներ, այդ թվում 17 գեներալ: «Չնայած իմ կարծիքն այն է, որ Թուրքիան այնպիսի փուլում է, երբ ռազմական հեղաշրջումներն այդ երկրում քիչ հնարավոր են։ Ինչո՞ւ։ Առաջին հերթին՝ բարձրագույն զինվորականության հեղինակությունը սասանված է»,– ասաց նա։ Ըստ Սաֆրաստյանի՝ թուրք գեներալները, այսպես կոչված փաշաները, այլևս չունեն նախկին հեղինակությունը։ Թուրքագետը հավելեց, որ եթե Թուրքիայի ներսում պատերազմ տեղի ունենա, կլինեն մեծ թվով զոհեր։ «Հասարակությունը չի համակերպվի այն մտքի հետ, որ տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ Սա ամենակարևոր հանգամանքն է, որը ետ է պահում զինվորականությանը հեղաշրջումից»,– պարզաբանեց Սաֆրաստյանը։ Ըստ նրա` հեղաշրջումը կանխող երկրորդ հանգամանքն այն է, որ Թուրքիայի զինվորականությունը, սպայակույտն այլևս համերաշխ չեն։

No comments: