Wednesday, February 24, 2010

Պիտեր Սեմնեբի. Տարածաշրջանում ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել

/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - Իրադրությունը տարածաշրջանում փոխվում է, ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել: Ես մեծ հույս ունեմ, որ այն ազդակը, որն անցյալ տարի նշմարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, կոնկրետ արդյունքների կհանգեցնի: Համենայնդեպս, մենք կնպաստենք դրան: Այդ մասին Բաքվում հայտնեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրամիության արտաքին գործերի նախարարների Խորհուրդը երեքշաբթի օրը 2010 թվականի մարտի 1 - օգոստոսի 31-ը երկարացրեց հետխորհրդային որոշ երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչների մանդատները: Երկարացվել են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի իրավասությունները: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: