Monday, February 22, 2010

Փոխգնդապետ. Այսքան զոհողություններից հետո ելման կետ վերադառնալն անհնար է

News.am. 22-2-2010- Արցախյան հերոսամարտի մասնակից, փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը մտադիր է մինչեւ մարտի 5-ը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լույս ընծայել «Ազատագրում» խորագրով հրատարակության երրորդ՝ «Սպարապետ» վերնագրով գիրքը։ Այս մասին գրքի հեղինակը հայտնեց փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, հրատարակվելիք գիրքը «համահավաք գործ է, ղարաբաղյան պատերազմի տարեգրություն», քանի որ դրանում տեղ են գտել բացառապես հավաստի եւ մի քանի անգամ ստուգված հավաստի պատմություններ. «Գրքում տեղ գտած փաստերն ու նյութերը հավաքվել են տարիների ընթացքում։ 1988-1994թթ. մասնակցելով ղարաբաղյան պատերազմին, ականատեսի աչքերով գրառումներ էի կատարում՝ մտածելով, որ դրանք մի օր անպայման պետք կգան»,- նշեց փոխգնդապետը՝ հավելելով, որ այդ ընթացքում իր ուշադրությունից դուրս չի մնացել կարեւոր ո՛չ մի մարդ ու ո՛չ մի իրադարձություն։ Մարտին Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ «Ազատագրում» խորագրի ներքո ինքը երկու գիրք արդեն իսկ հրատարակել է։ «Բոլոր այս գրքերը կհամոզեն հայ ընթերցողին, որ այսքան զոհողություններից հետո ելման կետ, պատերազմի սկզբնական վիճակ վերադառնալն անհնար է, Արցախը զիջելը՝ անթույլատրելի»,- ամփոփեց նա՝ տեղեկացնելով, որ լույս տեսնելուց հետո գիրքը վաճառքի չի հանվի, այլ ընթերցասեր հասարակությանը կբաժանվի անվճար։

No comments: