Saturday, February 13, 2010

Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ նախագահող Ղազախստանը չեզոք դի՞րք կբռնի

News.am. 12-2-2010- ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ժամանակ երկիրը չեզոք դիրքորոշում է ունենալու Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որպեսզի նրան չմեղադրեն թուրքական համերաշխության մեջ։ Փետրվարի 12-ին այս մասին «ԵԱՀԿ-ի նոր նախագահ Կանատ Սաուդաբաեւի առաջին այցելությունը Հարավային Կովկաս. հավանականություններ եւ կանխատեսումներ» խորագրով քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպանի խորհրդական Շամիլ Ստամուկլովը։ «Համաձայնության հասնելու համար շատ կարեւոր է, որ երկու կողմերն էլ սկսեն աշխատել այդ ուղղությամբ։ Ինձ թվում է, որ Ղազախստանը դրա վրա էլ շեշտը կդնի։ Ղազախստանի դիրքորոշմամբ, առաջնայինը տարածքային անձեռնմխելիության հարցն է, հետո նոր՝ ինքնորոշումը»,- հայտարարել է Ստամկուլովը։ Նրա խոսքով, հարցը լուծելու համար կկիրառվեն ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրության կողմից մշակված դրույթները։ Իր հերթին, Ղազախստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասկար Աբրահամովը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը փետրվարի 14-17-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ «Երեւան, Թբիլիսի, Բաքու այցելությունների ժամանակ հանդիպումներ կլինեն երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանների նախագահների եւ կուսակցությունների առաջնորդների հետ»,-ընդգծել է նա։ Աբրահամովի խոսքով, բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահոման, տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների կագավորման, ինչպես նաեւ եղած հարցերում ԵԱՀԿ դեր մեծացման հարցեր։ Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության օրոք ուշադրության կենտրոնում են գտնվելու տարածաշրջանում ձգձված հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու հարցերը։ «Интерфакс-Казахстан»-ի հաղորդմամբ, «ԵԱՀԿ գործող նախագահը հենց վերոհիշյալ խնդիրների պատճառով էլ պատրաստվում է առաջինը այցելել այս տարածաշրջան»։

No comments: