Monday, February 22, 2010

Հրեական լոբբին այս տարի չի խոչընդոտի Ցեղասպանության բանաձևի ընդունումը

Tert.am. 22-2-2010- Թուրքական Vatan օրաթերթը, հարցումներ անցկացնելով Միացյալ Նահանգներում գործող հրեական ազդեցիկ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում, գրում է, որ այս տարի հրեական լոբբին ջանքեր չի գործադրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսում կասեցնելու ուղղությամբ: Պատճառը վերջին ամիսներին թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող լարվածությունն է: Vatana-ի հետ հարցազրույցում հրեական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի ասել, որ փորձելու է ճնշումներ գործադրել կոնգրեսականների վրա Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խոչընդոտելու նպատակով: «Թող ոչ ոք չսպասի, որ հրեական կազմակերպությունները պայքարելու են հանուն Թուրքիայի: Ճիշտ է՝ մենք չենք աշխատում բանաձևի ընդունման ուղղությամբ, սակայն չենք էլ աշխատելու դրա ընդունումը խոչընդոտելու համար»: Թուրքական օրաթերթի հետ հարցազրույցում հրեական ամենազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից AIPAC-ի ներկայացուցիչներից մեկը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ «այս տարի իրենք մատը մատին չեն խփելու»: «Այս տարի բանաձևի հարցում AIPAC-ին մատը մատին չի տալու»,- հայտարարել է հրեական կազմակերպության ներկայացուցիչը: ԱՄՆ Կոնգրեսի ԱՄՆ-Թուրքիա բարեկամության խմբի նախկին համանախագահ Ռոբերտ Ուեքսլերն ասել է, որ առայժմ հստակ չէ 2010թ. Հայոց ցեղասպանության բանաձևի հարցում Օբամայի վարչակազմի դիրքորոշումը։ Թուրք-ամերիկյան խորհրդի նախագահ, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Հոլմսն էլ կարծիք է հայտնել, որ այս տարի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը փորձելու են ընդունել մեծ արագությամբ և նույնիսկ գաղտնի քվեարկությամբ: Vatan-ը հարցի առնչությամբ զրուցել է նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ: Նրանց կարծիքով` բանաձևը ամերիկյան Կոնգրեսում Թուրքիայի գլխին կախված «դամոկլյան սուր» է: «Բանաձևի ընդունումը կվնասի ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնպես էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները»,- ասել են թուրք դիվանագետները:

No comments: