Monday, February 22, 2010

Թուրքահայ գործիչ. Հայաստանից մոտ 10 հազար մարդ կա, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել հայկական դպրոցներ

News.am. 22-2-2010- Թուրքիայում Քրդական «Ժողովրդավարություն եւ մշակույթ» միությունը փետրվարի 21-ին` մայրենի լեզվի տոնի կապակցությամբ կազմակերպել էր համաժողով, որին մասնակցել է նաեւ Թուրքիայում հայկական դպրոցների համակարգող Կարո Պալյանը: Թուրքական Atilim կայքէջի փոխանցմամբ` Կարո Պալյանը անդրադարձել է ազգային փոքրամասնություններին տրված իրավունքներում լեզվի ուսուցման մեջ տեղ գտած մի շարք խնդիրների: «Ստամբուլում 16 հայկական դպրոց կա, որտեղ սովորում են 3000 աշակերտ եւ այդ դպրոցների տնօրենները եւ փոխտնօրենները պետք է թուրք լինեն: Այդ դպրոցներ հաճախելու համար էլ աշակերտները ստիպված են ապացուցել, որ հայ են: Հայաստանից եկած մոտ10 հազար մարդ կա Թուրքիայում, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել մեր դպրոցներ: Մեզ ստիպում են, որ ամեն առավոտ ասենք „Թուրք եմ, աշխատասեր եմ, ճիշտ եմ“: Այն տպավորությունն է, որ մեր գոյությամբ պարտական ենք թուրք ինքնությանը: Դպրոցներ եւ եկեղեցիներ ունենք, բայց անհանգստության մեջ ենք: Մեր գլուխը որտեղ էլ թաքցնենք` միեւնույնն է մեզ պատրաստ են որսալ: Այդ պատճառով պետք է պայքարենք»,-նշել է Պալյանը:

No comments: