Saturday, February 27, 2010

Քլինթոնին հիշեցրել են Ցեղասպանության վերաբերյալ իր նախկին դիրքորոշման մասին

Tert.am. 26-2-2010- ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Մարկ Քիրքը, ելույթ ունենալով Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում, հիշեցրել է Հիլարի Քլինթոնին, որ նախկինում նա աջակցել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ Մասնավորապես, անդրադառնալով մարտի 4-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությանը, Քիրքը նշել է, որ «հույս ունեմ, որ մենք դա կանենք, հույս ունեմ, որ Ներկայացուցչական պալատը դա կանի, և հույս ունեմ, որ Դուք դա թույլ կտաք»։ Իր հերթին Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման ջատագով Ադամ Շիֆն ասել է, որ չի կարծում, թե Հայաստանի և Թուրքիայի հաշտության հեռանկարը կարող է պատրվակ դառնալ «Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը չճանաչելու համար»։ Ադամ Շիֆը Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է աջակցություն ցուցաբերել բանաձևին և «առնվազն չընդդիմանալ դրա շուրջ քվեարկությանը»։ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նկատել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշել են հրապարակավ չընդդիմանալ Ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Անդրադառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացված 2011թ. ֆինանսական օգնությանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Օբամայի վարչակազմի այդ քայլը` նշելով, սակայն, որ «Կոնգրեսը պետք է մեծացնի ֆինանսական օգնությունը»։ Նա նաև ընդգծել է, որ մինչ Օբամայի վարչակազմը պահպանել է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարակշռությունը, ռազմական ուսուցմանն ուղղված օգնության չափաբաժինը հավասար չէ։ Բրեդ Շերմանը նաև կոչ է արել «հատուկ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։ Ակնկալվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրավոր պատասխանը։

No comments: