Saturday, February 20, 2010

ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ ԿՄՆԱՆ ՄԻՆՉԵՎ ...

Report.am. 20-2-2010- Եվ այսպես, հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգում են: Արձանագրություններին «ոչ» ասող քաղաքական ուժերից Դաշնակցության ներկայացուցիչը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն առաջարկել է, որպեսզի Հովիկ Աբրահամյանն արձանագրութունների քննարկումը հետաձգի մինչև իրենց հանձնաժողովի եզրակացությունը: Երկուշաբթի պարզ կդառնա` ընթացք կտրվի՞ այս առաջարկին, թե ոչ: Շատերի գնահատմամբ՝ կտրվի: Իսկ սա նշանակում է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի մեծ նստաշրջանի օրակարգում առնվազն մեկ ամիս դեռ կմնան։ Մեր կարծիքով, ժամկետը կարող է տևել մինչև ապրիլի 24-ը։ Իսկ դա այն վերջնաժամկետն է, որը պաշտոնական Երևանը հայտարարել է որպես Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետ: Ակնհայտ է, որ ապրիլի 24-րց հետո, եթե Թուրքիան մինչ այդ չվավերացնի, արձանագրությունները մեր խորհրադարանի օրակարգում երկար չեն մնա, քանի որ Երևանը՝ համաձայն իր հայտարարությունների, այս ժամանակ արդեն պետք է հետ վերցնի իր ստորագրություններն արձանագրություններից: Այս վարկածը կառուցված է վերջին երկու-երեք օրերին ՀՀԿ վերնախավում կատարվող իրադարձությունների տրամաբանության վրա: Հայտնի է, որ երկու բարձրաստիճան ՀՀԿ-ականներ` Ռաֆիկ Պետրոսյանին ու ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին վերջերս խիստ նկատողություն էին արել նախագահականից և ուղարկել տարբեր հեռուստաընկերություններ` այստեղից հայտարարելու, որ Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունները իրենց սեփական, ոչ կուսակցության, ու կարևորը` ոչ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն են: Երեկ էլ, երբ Դաշնակցությունը «Ոչ»-ի շուրջ համախմբված այլ կուսակցությունների հետ հանդիպել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հանրապետականները հավաստիացրել են նույն բանը: Հիշեցնենք` նախաձեռնողական կոչվող քաղաքականության ներքո պետք է հասկանալ` Հայաստանը նախքան Թուրքիայի կողմից վավերացնելն առաջինն է վավերացնում արձանագրությունները: Եթե Թուրքիան վավերացնում է արձանագրությունները՝ լավ, եթե ոչ` մենք աշխարհին ներկայանում ենք որպես մի երկիր, որը չնայած Հայոց ցեղասպանության հետ կապված իր ներքին բարդ, հակասական ու ցավոտ հիմնախնդիրներին, մեկ քայլ առաջ է Թուրքիայից իր առաջադեմ դիրքորոշումներով ու կարևորը` միջազգային հանրությանը տված խոստումները կատարելո: Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Ռաֆիկ Պետրոսյանի, Սամվել Նիկոյանի ու էլի շատ-շատերի մոտ միաժամանակ նույն գաղափարն է ծագել: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս կուսակցությունում ինչ ասում է առաջնորդը` նույնն էլ կրկնում են մնացած կուսակցականները: Իսկ Սերժ Սարգսյանը մինչև հիմա ի՞նչ է ասել իր հրապարակային ելույթներում. Հայաստանի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի միմիայն Թուրքիայի կողմից վավերացվելուց հետո: Այսինքն ի՞նչ է ստացվում: Այն, որ այս հայտարություններն ընդամենը հասարակության արձագանքը ստուգելու նպատակ ունեին, այն է՝ տարբերակ ա-ի դեպքում հասարակությունն արդյոք դիմադրություն ցույց կտա: Տարբերակ ա-ն, բնականաբար, չէր կարող ինքնանպատակ լինել, այլ միայն որոշ արտաքին քաղաքական գործոնների դեպքում, եթե ասենք, մեր իշխանությունները 100 տոկոսանոց երաշխիքներ ունենային, որ առաջինը ստորագրելուց հետո Թուրքիան հաստատ կվավերացնի արձանագրությունները: Իսկ նման երաշխիքներ կարող է տալ միայն միջազգային հանրությունը, այս պարագայում, կարծում ենք` ԱՄՆ-ը: Որը չի տվել: Արդյունքում` տարբերակ ա-ն օրակարգից հանվել է և հայտնվել է տարբերակ բ-ն: Հենց այս ճանապարհին էլ բոլոր երկրներում հայտնվում են քավության նոխազներ: Կարծում եմ` «քավության նոխազ» արտահայտությունն այս պարագայում մի քիչ բարձր է հնչում, որովհետև ի վերջո ոչ մեկը չի տեսել, թե Գալուստ Սահակյանը կամ նախագահականի տղաները ինչպես են բարկանում Ռաֆիկ Պետրոսյանի կամ Սամվել Նիկոյանի վրա: Հ.Գ. Դատելով հասարակության արձագանքից՝ Հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայոց խորհրդարանում հայտնվելու փաստին հավասարազոր իրադարձությունն էր «Եվրատեսիլի» «մրցույթը»: Թերևս միակ մարդն էի, որ «Եվրատեսիլի» մրցույթի քվեարկության արդյունքների մասին իմացա մյուս օրը: Չեմ կարող ասել, որ Եվա Ռիվասի երգն ինձ ավելի դուր չեկավ, քան մյուսներինը ու նաև` նախորդ տարիների հաղթողներինը : Ինձ համար դրանք բոլորը նույնն են: Պարզապես «զա դերժավու օբիդնո». վերջապես պե՞տք է լինի մի բան, որը Հայաստանում այնպես արվի, որ կասկածներ չլինեն դրա անցկացման արդարացիության վերաբերյալ: «Չէ, չեմ մասնակցի, ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում, այլ որովհետև գիտեմ, որ արդար չի լինելու: Որովհետև Հայաստանում արդար բան չկա»,-լրագրողներին ասել էր Միհրանը ու մեկնել Հայաստանից ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

No comments: