Saturday, February 20, 2010

Ադրբեջան. «Մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսն այլևս չի գործում

Panorama.am. 20-2-2010- Անկարայի և Բաքվի հարաբերություններում` սկսած 2009 թվականի գարնանից, պարբերաբար լարվածություն է նկատվում: Խնդիրը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն էին: Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն ու ողջ հասարակությունը ուշադիր հետևել է հայ-թուրքական երկխոսության ընթացքում նկատվող զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանական կողմը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում որոշակի վտանգներ է տեսնում և դա է պատճառը, որ այս հարցը Բաքվին լուրջ անհանգստություն է պատճառում: Ավելին, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ադրբեջանական որոշ շրջանակներ և հասարակության որոշակի զանգվածներ այս փաստն օգտագործեցին արհեստական անհանգստություն առաջացնելու համար: Այս ընթացքում բողոքի արտահայտման մի շարք դրսորումներ նկատվեցին, որոնք ուղեկցվում էին հակաթուրքական և հակաարևմտյան տրամադրություններով: Այս մտահոգություններն ավելի ընդգծվեցին հատկապես ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Շատերն Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս կարծում են, որ այս ցուցադրական արշավը վկայում է այն մասին, որ Բաքվի արտաքին քաղաքական առաջնայնություններն ու աշխարհաքաղաքական կուրսը փոփոխության են ենթարկվում: Սա Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճգնաժամային վիճակ էր ենթադրում: Բնականաբար, իրերն այս ձևով հասկանալու համար համապատասխան հիմքեր ստեղծվել էին, քանի որ երկրում առկա որոշակի քաղաքական ուժեր, որոնք ներկայացված էին իշխանության տարբեր կառույցներում, շահագրգռված էին մի կողմից Բաքվի և Արևմուտքի, մյուս կողմից` Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացմամբ: Չնայած, որ որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների միջև տեղի ունեցող սրացումներն այս երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների շրջանակներում են, փաստն այն է, որ «հայկական գործոնն», ի վերջո, սեպ խրեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների միջև: Նրանք «Մեկ ազգ` երկու պետություն» էյֆորիկ կարգախոսից անցում կատարեցին կառուցողական և պրագմատիկ համագործակցության դաշտ, որտեղ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է իր շահերը: Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների միջև լարվածություն նկատվեց հատկապես Ցյուրիխում կայացած արձանագրույթունների ստորագրման ժամանակահատվածում, որն արտահայտվեց հատկապես էներգետիկ բնագավառում: Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում էր Բուրսա` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար, Ադրբեջանի նավթային ընկերությունը պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմի» հետ: Պայմանագիր կնքելուց երկու օր անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն խոսեց Թուրքիա արտահանվող գազի ցածր գների և դրա բարձրացման անհրաժեշտության մասին: Ինչպես նաև, արտահանվող գազի վրա տարանցիկության բարձր տարիֆների առնչությամբ: Ալիևը զգուշացրեց, որ եթե Թուրքիան շարունակի իր այս քաղաքականությունը, Ադրբեջանն իր ողջ գազը կարտահանի Ռուսաստան: Ավելի ուշ Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքները` կրկնակի ավելացնելով Ռուսաստան արտահանվող գազի ծավալները: Սրանից զատ, նա պայմանագիր կնքեց Թեհրանի հետ` պարտավորվելով գազ արտահանել նաև դեպի Իրան:

No comments: