Tert.am. 27-2-2010- Սումգայիթի ջարդերի 22–րդ տարելիցի առնչությամբ ԼՂՀ արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.
«1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ և դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:
Ցավոք, փետրվարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել «Սումգայիթ» թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտոնական մակարդակով պաշտպանվեցին:
Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծավալումը: Ջախջախիչ պարտություն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, չի պատրաստվում դասեր քաղել ոչ հեռու անցյալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը:
Պաշտոնական Բաքվի` ճշմարտության աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահություն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծման»։
Sunday, February 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment