Saturday, February 13, 2010

Թուրք հաքերները կոտրել են «Ակոս» հայ-թուրքական թերթի կայքէջը

/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Թուրք հաքերները կոտրել են «Ակոս» հայ-թուրքական թերթի կայքէջը: Կայքի առաջին էջում հաքերները տեղադրել են թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի լուսանկարը: Լուսանկարի տակ մեծարվում է մարդասպանի արարքը: Հաքերները նաեւ սպառնում են թերթին հաշվեհարդար տեսնել, որը իրենց կարծիքով վիրավորում է թուրքական դրոշը եւ պետությունը: Սպառնալիքները ուղղված են նաեւ այն մարդկանց, որոնք սատարում են «Ակոս» թերթը: «Խաղի վերջ», - գրված է Սամսաթի լուսանկարի տակ: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

No comments: