Մարտ 1-ի երկրորդ ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը ազգային անվտանգության խնդիր է: Ազգային անվտանգության կենսագործունեության սոցիալ-տնտեսական, հոգեւոր- հոգեբանական եւ մարդու հիմնարար իրավունքների նշանակությունն առաջնային խնդիր է. փորձել այն ամփոփել ռազմա-քաղաքականով, անտեսել նրանց փոխկապվածությունը` բացարձակ անհեթեթություն է:
Հայկական պետականության հզորացման հիմնական գրավականը ժողովուրդն է. պետական շահն ազգային շահի արտահայտումն է: Անցյալի ընդհանուր փառքը, ներկայի ընդհանուր ձեռքերումները, ապագայի նոր նվաճումների ձգտման հիմքը ժողովրդի տարիների ճիգի եւ զոհողությունների արդյունքն են:
Հզոր է այն ամբողջականությունը, որն ունակ է միավորելու բազմազան միավորներ: Հզորությունը կայանում է բազմազանությունների ներդաշնակության մեջ:
Արդեն վաղուց հասարակությունները բնության օրենքներով չեն առաջնորդվում, այլ պայքարում են այդ օրենքների դեմ: Մերօրյա զարգացող հասարակությունների կյանքում տկարը ո'չ միայն չի ոտնահարվում ուժեղի կողմից, այլ ընդհակառակը` պաշտպանվում է նրանից: Եվ ասյպես ցանկացած երկրում, ազատության դեմ սպառնալիքը կայանում է պետության տկարության հետեւանքով: Սահմանափակում են ազատությունները, երբ իշխանությունը վտանգ է զգում:
Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես եւ 2008 թ. մարտի 1-ը, եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ եւ երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներեւակայելի դաժանության եւ սպանդի:
Հայաստանի Հանրապետության մեջ ձեւավորված քաղաքական-տնտեսական համակարգերն իրենց ներքին տրամաբանությամբ, ինչպես նաեւ նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունները հիմք են տալիս արտահայտել ԵՀՀ-ի` միջազգային եւ, առաջին հերթին, եվրոպական մասշտաբով ՀՀ պետականության, Արցախի, ջավախքահայության եւ սփյուռքահայության իրավունքները անվերապահորեն պաշտպանող կազմակերպության մտորումներն ու տեսակետները ձեռնարկվելիք անհապաղ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ:
-Հրամայական պահանջ է երկրում հաստատել իրական եւ ոչ թե ձեւական համերաշխության եւ փոխհանդուրժողականության մթնոլորտ: Չքաղաքականացնել ոչ մի դատավարություն եւ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատի ենթարկված բոլոր ձերբակալվածներին: Ձեռնարկել միջոցներ, որոնք իսպառ կբացառեն հետագայում նման իրադարձությունների կրկնությունը
-Երկրում հաստատել օրենքի գերակայություն
-Մշակել եւ ներդնել սոցիալական արդարության հաստատման ռազմավարական ծրագիր
-Վերացնել տնտեսական ոլորտի արտոնություննրը, ապահովել ազատ, արդար եւ ազնիվ մրցակցություն
-Ապահովել ՀՀ-ի Սահմանա դրության պահանջները եւ տարանջատել օրենսդիր, գործադիր եւ դատաիրավական համակարգերի գործունեությունը
-Անցկացնել թափանցիկ եւ արդար ընտրություններ` ապահովելով արժանապատիվ եւ բանիմաց քաղաքացիների մուտքն Ազգային Ժողով եւ տեղական ինքնակառավարման մարմիններ
-Կիրառել նոր, արդիական մոտեցումներ երկրի տնտեսական եւ նեքին արդյունաբերության զարգացման համար, ապահովել նաեւ արտաքին ներդրումային ծրագրերի ապահովածություն` այլեւայլ բյուրոկրատական, կրիմինալ եւ օլիգարխիկ-մոնոպոլ խոչնդոտներից
-Ապահովել պետականության ամրապնդման եւ հզորացման համար ներդրում ունեցող քաղաքացիների բարեկեցիկ եւ իմաստալից կյանք
Հարկ ենք համարում նշել, որ հայ ազգի պետականության մտածողության ընդունակությունը, լինելով ինքնաբուխ եւ դիմայնորեն ազգային, իր կայացման բոլոր փուլերով բավարար չեղավ քաղաքական աշխարհում ապահովելու երկրի տարածքային եւ պետական ամբողջականություն: Հրամայական պահանջ է դարձել 21-րդ դարի քաղաքակրթության շեմին լինել խոհեմ, իմաստուն եւ միասնական ջանքերով դիմակայել մերօրյա մարտահրավերներին:
Ելնելով վերոնշյալից կոչ ենք անում համայն հայությանը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից եւ ֆինանսա-տնտեսական վիճակից, ձեռնամուղ լինել վերոնշյալ գործընթացների իրականացման օժանդակմանը` հանուն անխոցելի ազգային միասնության, ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի ապահովման եւ հայոց պետականության հզորացման եւ հարատեւման:
Եվրոպայի Հայերի Համագումար
01.03.2010
Նախագահ՝
Կարո Հակոբյան
Ուփսալա, Շվեդիա
Էլ.հասցե: garo.hakopian@comhem.se
Հեռ:+46 707258593
No comments:
Post a Comment